Լաչինի «կյանքի
ճանապարհի» ակման գարծընթացը սկսելուց առաջ ադրբեջանական իշխանավորները տեղը տեղին
քայլերի հաջորդականություն են մշակել։ Նախ նրանք, ընտրել են «բնապահպանական» խնդիրների
թեման, ինչը Արևմուտքի «ժողովրդավարների» համար զգայուն թեմա է, և կոնկրետ «ուտվում»
է։ Ըստ էության՝ Արցախի համար կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհի փակումը
տարբեր նպատակներ է հետապնդում, որոնցից առաջնայիններից մեկը՝ Արցախին տնտեսական լծակներից
ու բնակչությանը գոյատևման տարրական հնարավորություններից զրկելն է։ Ադրբեջանցիները
փաստացի ցանկանում են տիրանալ այն քիչ բնական ռեսուրսներին, որոնք Արցախի տնօրինման
տակ են մնացել ղարաբաղյան պատերազմից հետո։
Այսօր ստեղծված
մղձավանջի սկիզբը տրվեց դեկտեմբերի 3-ին, երբ մի խումբ «բնապահպաններ» փակեցին Գորիս-Ստեփանակերտ
ճանապարհը՝ պատճառաբանելով, որ Արցախում ապօրինի շահագործում են բնական ռեսուրսները՝
բնապահպանական ռիսկերով։ Տվյալ դեպքում խոսքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի մասին
է, որոնց վրա վաղուց աչք ունի Ադրբեջանում գործող բրիտանական ընկերությունը։ Չնայած
հանքավայրերն Արցախի տարածքում են, Ադրբեջանի նախագահի հրամանով արդեն Կաշենի հանքավայրի
շահագործման իրավունքը հանձնվել է բրիտանական «Anglo Asian Mining» ընկերությանը։ Ավելին,
խոստացել են ապահովել հանքավայր ազատ մուտք գործելու հնարավորություն և այժմ փորձում
են կատարել նաև այդ խոստումը։
Ըստ էության՝ «բնապահպանական»
քողի տակ սկսված այս հատուկ պլանավորված օպերացիան առաջին փուլում ավարտվեց քաղաքացիական
հագուստով մի քանի տասնյակ ադրբեջանցիների կողմից Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը
3 ժամ արգելափակելով։ Այս միջադեպից հետո Արցախի իշխանությունները պատրաստակամություն
հայտնեցին ընդունել միջազգային ցանկացած մոնիտորինգային խմբի, որը կուսումնասիրի նշված
հանքավայրերի բնապահպանական ռիսկերը։ Բոլորիս համար հստակ էր, որ ադրբեջանցի «բնապահպանների»
նպատակը դա չէր։ Նրանք հանդիպում պահանջեցին ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների
հետ, իսկ հանդիպումից հետո հայտարարեցին, թե պատրաստվում են հետաքննություն իրականացնել
Արցախում բնական ռեսուրսների ապօրինի շահագործման հետ կապված։ Ավելին, արդեն դեկտեմբերի
10-ին ադրբեջանցի «բնապահպաններն» իրենց մտադրություններն իրականացնելու համար փորձեցին
մտնել Կաշենի հանքավայր։ Սակայն հանդիպեցին հանքավայրի անվտանգության աշխատողների և
բնակիչների դիմադրությանը։
Իրենց իրական դեմքը
հերթական անգամ նրանք ցույց տվեցին դեկտեմբերին 12-ին՝ փակելով Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը․ ըստ էութան՝
այս
անգամ արդեն ադրբեջանցիները բացեիբաց ի ցույց դրեցին իրենց իրական նպատակներները։ Դրա
արտահայտություններից մեկն էլ դարձավ Արցախի գազամատակարարման անջատումը, որով փորձում
են ձմռան այս շրջանում լրացուցիչ հոգեբանական ճնշում գործադրել բնակչության նկատմամբ։
Միանշանակ է, որ
ու գրեթե ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ այն, ինչ Ադրբեջանն անում է բնապահպանական
քողի տակ, իրականում Արցախը տնտեսական հնարավորություններից զրկելու և հայաթափելու
հերթական քայլն է։ Մտադիր են Արցախի բնական ռեսուրսներն ինտեգրել Ադրբեջանի տնտեսությանը։
Մինչդեռ, դրանք Արցախի հայ բնակչության կենսագոյությունն ապահովելու այն քիչ հնարավորություններից
են, որոնք կան։ Կարևոր է արձանագրել, որ որ Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրն Արցախի
ամեախոշոր հարկատուն է, և այստեղից են գոյանում բյուջեի եկամուտների մի զգալի մասը
և դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում այդ եկամուտներից զրկվելը։
Ոչ մի կասկած չկա,
որ այն, ինչ ուզում են անել այս ընթացքում ադրբեջանցիները, շատ լավ մշակված ծրագիր
է, որի իրականացմանը լծվել է Ադրբեջանի ամբողջ պետական ապարատը։ Արցախում շահագործվող
հանքավայրերի հարցը վերջերս Ադրբեջանը բարձրացրեց նաև Մոսկվայում, այդ երկրի գլխավոր
դատախազի կողմից՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների հետ հանդիպման ժամանակ։ Հայտարարվեց,
թե «անընդունելի է ղարաբաղյան տարածաշրջանում բնական պաշարների ապօրինի շահագործումը»։
Դրան հաջորդեց Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ
հանդիպման ժամանակ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը, ըստ որի՝ պետք է դադարեցվի Կաշենի
և Դրմբոնի հանքավայրերի «անրինական շահագործումը»։
Միանշանակ է, որ
տարբեր առիթներով հնչող այս ու նմանատիպ այլ հայտարարություններն անշուշտ նպատակ ունեն
արդարացնելու այն քայլերը, որոնք Ադրբեջանի իշխանություններն այս մեկ ամսվա ընթացքում
«բնապահպանական» խնդիրների անվան տակ իրականացնում են Արցախը Հայաստանին կապող կենսական
նշանակության ճանապարհին։ Սա լավ մշակված ու շատ վտանգավոր ծրագիր է, որը հաջողելու
դեպքում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Արցախի հայության համար։
Արմեն Հովասափյան









