Foto

Ինչպես ճիշտ սնվել Ամանորին․ խորհուրդներ էնդոկրինոլոգից

Vesti.am-ի հարցերին պատասխանում է «Երևան» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Աիդա Գրիգորյանը։

Ի՞նչպես ճիշտ սնվել ամանորին

Ամանորը  և  Սուրբ  Ծնունդը  բոլորի  կողմից   սիրված  և  սպասված  տոներից են, սակայն  դրանք պետք է  անցկացնել   առանց   վնասելու  օրգանիզմին  և  առողջությանը։ Տոներին, ինչպես և  միշտ,  անհրաժեշտ է հետևել  առողջ  սննդակարգին։

Սննդի ընդունումը  պետք է լինի   փոքր  չափաբաժիններով։ Թունավորումներից խուսափելու համար  աղցաններն ու  ուտեստները պետք է  լինեն թարմ  պատրաստված։ Գերադասելի են  (հատկապես  շաքարային  դիաբետով  և  ճարպակալումով   անձանց  համար)   թարմ  բանջարեղենային, մսային  աղցանները։ Ավանդական  օլիվիեյի   դեպքում  ցանկալի է աղցանում  պակասեցնել   կարտոֆիլի  և  գազարի  քանակը։ Գերադասելի են  աղցանները, որոնց դեպքում  օգտագործվում է  բարձրորակ  ձիթապտղի  յուղ՝  մայոնեզի  և  թթվասերի   փոխարեն,  որոնք,  ինչպես գիտենք, ունեն  բարձր   յուղայնություն  և  կալորիականություն։

 Միրգը  և մրգային  աղցանները  ճիշտ  է  ուտել  փոքր  չափաբաժիններով, բանջարեղեն  և  հիմնական  սնունդ ընդունելուց  հետո։ Մսամթերքը, որպես սպիտակուցի  աղբյուր, պարտադիր են  օրվա  ռացիոնում։ Գերադասելի են  տավարի, հավի,  հնդկահավի  և  ճագարի  մսից  պատրաստված  ուտեստներ, ձուկ,  ծովամթերք, որպես  խավարտ դարձյալ նախընտրելի են  բանջարեղենային խավարտները  (լոլիկ, վարունգ, շոգեխաշած  ծաղկակաղամբ, կանաչ  ոլոռ  և  ալյն)։  Ավելնորդ է   նշել, որ  ցանկալի չեն  գազավորված  ըմպելիքները,  քաղցրեղենի,  հատկապես  շատ  կրեմ  պարունակող  խմորեղենների  չարաշահումը։ Գերադասելի են  ջուրը, առանց գազի հանքային ըմպելիքները։  Ալկոհոլային  ըմպելիքները՝  քիչ  չափաբաժնով, շաքարային  դիաբետով  հիվանդների  համար  նախընտրելի են շաքար չպարունակողները՝  քիչ  քանակով (չոր  գինի,  չոր  շամպայն, օղի)։

 

Ամանորին սննդակարգի ռեժիմի խախտումն ինչպե՞ս կարող է ազդել մարդու էնդոկրին համակարգի վրա։

Սննդակարգի  խախտումը  կարող է բերել  քաշի ավելացման  և  շաքարային դիաբետով  անձանց  մոտ հիվանդության  դեկոմպենսացիայի  և,  նույնիսկ,  դիաբետիկ  կետոզների  զարգացման։ Քաշի  ավելացմանը  նպաստում է  ոչ միայն  սննդակարգի  խախտումը, նաև հիպոդինամիան (քիչ  շարժվելը): Հետևաբար,  ամանորյա  տոնախմբությունների   կարևոր  բաղկացուցիչներից  պետք է  լինի  ֆիզիկական  ակտիվությունը (պարեր, տոնախմբությունների  ժամանակ  խաղերի  կազմակերպում, երեկոյան  զբոսանքներ)։ Շաքարային  դիաբետով  հիվանդների  համար  պարտադիր է  շարունակել  գլյուկոզայի  ինքնահսկողությունը  անձնական  գլյուկոմետրերով՝ անհրաժեշտության  դեպքում բուժման  մեջ  փոփոխություններ  կատարելու  նպատակով։

 

Ամեն տարի թունավորման բազմաթիվ դեպքեր են լինում՝ ըստ Ձեզ որո՞նք են հիմնական պատճառները և ինչպե՞ս խուսափել։

Սննդային  թունավորումերի  հիմնական  պատճառը  լինում է  միկրոօրգանիզմների  ոչ  բարձրորակ առկայությունը  սննդամթերքներում, որոնց  օգտագործման  ժամկետը լրացել է, պահպանվել են ոչ  ճիշտ  պայմաններում  կամ  պատրաստման  ժամանակ խախտվել են  սանիտարական  նորմերը: Օրինակ՝  ճիշտ տարբերակում  աղցանների (հատկապես մայոնեզով) պահպանման  ժամկետը  24 ժամ է՝  սառնարանային  պայմաններում։ Սննդային  թունավորունմերի  առաջին  նշաններն են սրտխառնոցը,  փսխումը, ցավը  որովայնում, լուծը։ Սննդային  թունավորումներից խուսափոլու  համար  անհրաժեշտ է  օգտագործել  թարմ  պատրաստված  ուտեստներ, հատկապես՝  աղցանները,  պահպանել պատրաստելու սանիտարական  նորմերը։

 

Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք մեր համաքաղաքացիներին

 

Ցանկանում եմ  մեր  համաքաղաքացիներին   առողջ  և   անհոգ կյանք,   այսուհետ՝  խաղաղ  երկրում։