Foto

Աղվեսը պոչին վկա է բերում

Հայկական ֆոլկլորում մի սիրված երգ կա.

«Վույ աման, վույ աման, վույ աման,

 Թագավոր լինելուց լավ բա՞ն»:

Թե ի՞նչ կապ ունի սա մեր իրականության հետ, այս տողերի վերջում գլխի կընկնեք: Հիմա՝ ըստ էության:

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մեկ օր առաջ հայտարարեց, իբր Հայաստանին ստիպում են միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը: Կարո՞ղ էր ՀՀ ԱԽՔ-ը նման անհիմն հայտարարություն անել: Որքան փնտրեցի, որևէ իրավասու պետական-քաղաքական  գործչի մոտ, վերջին շրջանում, այդպիսի միտք չհանդիպեցի ո՛չ ռուսաստանյան, ո՛չ բելառուսական լրահոսում: Եթե ՀՀ ԱԽՔ-ն իր խոսքը հիմնավորում է «բեսեդկաների» բամբասանքներով կամ իրենց կուսակցության վարչության ջերմուկյան «մեժդուսաբոյկաներով», ապա դա քաղաքականության հետ այնքան կապ ունի, որքան Մակունցը՝ դիվանագիտության: Ի դեպ, գուցե ԱՄՆ-ից Մակո՞ւնցն է նման տեղեկություն տրամադրել Արմեն Գրիգորյանին: Իսկ բացառվո՞ւմ է, որ Ռիչարդ Մուրն է Ռուսաստանի կամ Բելառուսի փոխարեն ՀՀ ԱԽՔ-ին կամ Նիկոլ Փաշինյանին հայտնել, որ իրենց ստիպում են, բայց իրենք չգիտեն, որ իրենց ստիպում են: Համենայն դեպս, ՌԴ նախագահի մամուլի խոսնակը ոչ միայն հերքեց, այլև, դա սադրանք որակելով, անուղղակիորեն սադրիչ անվանեց Արմեն Գրիգորյանին: ՀՀ ԱԽՔ-ը կարող էր «մոլորության» մեջ հայտնվել բրիտանական հետախուզության ղեկավարի, նույնիսկ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի խոսքերից. կրթվածության ու դատողության խնդիր է: Բայց երբ Պեսկովի գնահատականից ժամեր անց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդոն՝ Քոչարյանը, հայտարարում է, թե դրա մասին շշուկներ ու խոսակցություններ միշտ էլ եղել են և չի բացառում, որ Բերձորի միջանցքի փակումը կարող է հրահարված լինել ռուսների կողմից նաև այդ պատճառով, արդեն լուրջ վերաբերմունք է պահանջում: Ստացվում է, որ ՔՊ-ական շրջանակներից, Արմեն Գրիգորյանի բերանով, շրջանառության մեջ է դրվում Միութենական պետությանը միանալուն Հայաստանին ստիպելու կեղծ թեզ, հետո Անդոն՝ Քոչարյանը, դա համարում է հավանական՝ որովհետև ինքը լսել է Արմեն Գրիգորյանից, իսկ Արմեն Գրիգորյանն էլ ինչ-որ տեղից է դրա մասին լսել:

Իսկ հիմա՝ վերը հիշատակված երգի մասին: Այդ նույն երգում այլ տողեր էլ կան. «Մարդիկ ստեր են հորինում և այդ ստերին հավատում»: Նիկոլական իշխանություններն իրենց դավաճանական արտաքին քաղաքականության ձախողումների հետևանքներն ուրիշների գրպանը գցելու համար ամեն օր կարող են մի սուտ հորինել, իրենք իրենց համոզել կամ ապացուցել որ դա սուտ չէ և հետո այդ սուտը դնել շրջանառության մեջ, որպեսզի նաև իրենց քվեարկած 680 հազարին էլ համոզեն:

Բայց մի տարբերակ էլ կա. չի բացառվում, որ «դմոքրսին», կոռուպցիայի ու թալանի դեմ «պայքարը», «խաղաղության դարաշրջանը» վերջնականապես ձախողած նիկոլիստները փորձում են Հայաստանը կամացուկ տեղավորել Միութենական պետության մեջ: Իսկ քանի որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Բելառուսն այդպիսի ցանկություն չունեն, անհրաժեշտ է այս սուտը հորինել ու նրանց վիզը գցել: Пусть отдуваются!

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան