«Երբ խոսում ենք արտաքին հտախուզության
մասին, ընդդիմադիր դաշնակցական պատգամավորներից մի քանիսը սկսում են խոսել «Նեմեսիսի» մասին։ Գիտե՞ք «Նեմեսիսն» ի՞նչ է։ Դա գործողություն
է, որն առանց դատ ու դատաստանի վերաբերում է ինչ-որ մարդկանց վերացնելուն։ ... Ճիշտ կլինի, որ ամբողջապես ուսումնասիրվի «Նեմեսիսի» բնույթը, 100-ամյա գործողությունների
ամբողջ ծավալը և ի հայտ բերվեն դրա վտանգները մեր առօրյա կյանքում նաև մեր պետականության
համար»,- երեկ
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
««Նեմեսիս»՝ գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն)
պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։
Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ «Նեմեսիս» է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով»։ Սա ընդամենը համացանցային ամենամատչելի ինֆորմացիան է «Նեմեսիսի» մասին։
Իհարկե, կառույցը 100-այմա գործունեություն չի ծավալել։ Այդ դեպքում պետք է գոյություն
ունեար մինչ Ցեղասպանության 100 ամյակը և դրանից ավելի ժամանակ։ Ինչո՞ւ է հիմա ՀՀ իշխանությունն, ի դեմս Անդրանիկ Քոչարյանի,
իրենց համեմատության մեջ դնում ցեղասպանություն իրագործած թուրքերի հետ և, զգուշանալով,
համապատասխան մարմիններին կոչ անում ստուգումներ անել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանը Vesti.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Քոչարյանի
միտքն ասաց․ «Ողբերգություն է, որ Հայաստանում ԱԺ պատգամավորի կարգավիճակ ունեցող մարդն
այդ տարիքում չի հասկացել «Նեմեսիս»
գործողությունը, «Նեմեսիսի» անհրաժեշտությունը և հայ ժողովրդի պատմական արդարություն
վերականգնելու կամքն արտահայտելու միջոցը»։ Մանուկյանը հավելեց, որ ԱԺ բանավեճից հետո
հատուկ թղթածրար է ուղարկել Անդրանաիկ Քոչարյանին, որ նա, առնվազն, կարողանա կարդալ և հասկանալ,
թե ի՞նչ էր «Նեմեսիսը»։









