Արցախի ապագան դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը, և որպեսզի այդ քննությունը պատվաբեր գնահատական ստանա, պետք է ազգովի սթափվենք ու զգաստանանք։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանարահաքին հնչեցրած իր ուղերձում այդ մասին ասաց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Արցախը և ձեզանից յուրաքանչյուրը պիտի դառնա մեր ազգի հոգու և խղճի զարթուցիչը։ Օգտվելով մեր համախմբման ընձեռած հնարավորությունից, որպես Արցախի թեմի առաջնորդ, ցանկանում եմ դիմել մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում սփռված արցախցիներին․ Արցախն ամեն հայի հայրենիքն է , բայց առավել շատ կարիք ունի իր ծոցից ծնված զավակների։ Այսօր կա ձեր ֆիզիկական ներկայութան կարիքը։ Վերադարձե՛ք Արցախ և տեր կանգնեք ձեզ վստահված պարգևին»,-հորդորեց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի Վերածնդի հրապարակում այս պահին բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք է ընթանում՝ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը բացելու պահանջով, որն ադրբեջանցիներն ապօրինաբար փակ են պահում արդեն ուղիղ երկու շաբաթ։
Բազմահազարանոց հանրահավաքին բացի Արցախի քաղաքակն ղեկավարությունից, ներկա են նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։









