Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը վեցերորդ օրն է՝ նստացույց է անում ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի դիմաց։ Չնայած ցուրտ եղանակին, Բեգլարյանը մեքենայի մեջ է գիշերում։ Նա նստացույցը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Բեգլարյանը նշում է՝ նմանատիպ բողոքի ակցիաներով միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների վրա եւ պահանջում՝ ստիպել Ադրբեջանին 120 հազար բնակչություն ունեցող Արցախին հանել շրջափակումից։
«Միջազգային հանրությունից արձագանքներ կան, բայց նրանց ջանքերն անբավարար են, պետք է գործնական քայլերի գնալ։ Եթե Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության միջոցներ չկիրառվեն, Ադրբեջանը շարունակելու է լկտի վարքը եւ շարունակաբար հանցագործություններ, այդ թվում՝ խոշոր հանցագործություններ է անելու Արցախի ժողովրդի նկատմամբ։ Միջազգային հանրության ջանքերը բավարար կլինեն, երբ Արցախը շրջափակումից դուրս գա եւ կանխարգելվի նմանատիպ հանցագործությունների կրկնությունը»,– ասաց Արտակ Բեգլարյանը։









