Ստեղծում ենք համակարգ՝ լիարժեք շրջափակման պայմաններում բնակիչներին ապահովելու բոլոր անհրաժեշտություններով: Անհրաժեշտ է, որ գործի Ստեփանակերտի օդանավակայանը: «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում անդ մասին ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Դրա համար անհրաժեշտ է միջազգային կազմակերպությունների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի ստեղծվի մարդասիրական միջանցք, և մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում: Դա միակ հնարավորությունն է կախում չունենալու Ադրբեջանից»,-ասել է պետնախարարը և շեշտել, որ դրա համար անհրաժեշտ է միջազգային համաձայնություն, ինչը թույլ կտա մարդասիրական օդանավերին թռչել Արցախ:
«Որպեսզի հասկանալի լինի ռուսաստանցի ընթերցողին, ստեղծված իրավիճակը նման է Լենինգրադի շրջափակմանը, երբ փակված էր «կյանքի ճանապարհը»: Եվս մեկ օրինակ՝ Արևմտյան Բեռլինի տարբերակը, որտեղ ածուխը տանում էինք ինքնաթիռներով»,- ասել է Վարդանյանը: Նա հույս է հայտնել, որ Արցախի իշխանություններին նույնպես կհաջողվի բացել «օդային միջանցք և բեռներ ընդունել Ստեփանակերտի օդանավակայանում»,-ասել է Վարդանյանը։
Արցախի պետնախարարը շեշտել է, որ էլեկտրականություն և հեռախոսակապ կա, բայց պահը, երբ կարող ենք զրկվել դրանից, մոտ է:
Անդրադառնալով Բաքվի հետ գործակցելու հնարավորությունը՝ այս և այլ ճգնաժամերը լուծելու համար, Վարդանյանն ասել է, որ այդ հարցի շուրջ բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը: «Ադրբեջանը պետք է հասկանա, որ պետք է ճանաչել Արցախը որպես բանակցությունների կողմ: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարելի է քննարկել: Այստեղ մարդկանց ամբոխ չէ ապրում, սա երկիր է, պետություն: Կան ինստիտուտներ, խորհրդարան, կառավարություն, նախագահ, հասարակական կազմակերպություններ: Պետք է նստել և բանակցություններ վարել, այլ տարբերակ չկա»,- ասել է նա: