«Կարծում եմ՝ մեր հարևան երկրներում դեռ չեն հասկացել, որ Հայաստանի Հանրապետությունում կան կարմիր գծեր, որոնք մեզ համար հստակ են և մենք դրա մասին խեսել ենք և նման գործողություններով մեզ բան պարտադրել չի լինի։ Կարծում եմ՝ իմ ակնարկը տեղ կհասնի ու կհասկանան,որ այս տարբերակը չի աշխատելու»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա նշեց, որ Ադրբեջանը հաճախ հայտարարում է, որ իրենք այն իրավունքներն են ուզում Արցախի ժողովուրդներն ունենան, որն իրենց քաղաքացիներն ունեն և ես ուզում եմ հասկանամ՝ դա որն է, պատանդի կարգավիճակ ունենա՞լը։
«Այո, սա ի ցույց է դնում, որ մենք պետք է շատ լրջորեն զբաղվենք և մեր միջազգային գործընկերների հետ զրուցենք այդ միջազգային մանդատի մասին, ինչու ոչ նաև Մինսկի հարթակի 12 անդամ երկրների, Արցախի տարածքում դիտորդական առաքելություն ունենալու հարցը, ինչո՞ւ ոչ։ ՌԴ խաղաղապահների մանդատը, անկախ նրանից, թե մենք այս պահին բավարարված ենք, թե բավարարված չենք, այնուամենայնիվ, սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ այդ խաղաղապահներն այնտեղ անհրաժեշտ են և պետք է երկարաձգվի։ Եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, ԵՄ և Ֆրանսիան արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել և մեր ունեցած տեղեկություններով նաև ՌԴ-ն պատրաստվում է նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդն իր դաշնակից երկրից վաղուց է սպասում, հուսանք՝ հուսախաբ չեն անի»,- հավելեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանն Արցախի շրջափակման հարցով հրատապ նիստ էր հրավիրել, որին մասնակցում էին միայն իշխանական պատգամավորները։
Նշենք, որ ՔՊ խմբակցության կողմից ներկայացված Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ում հումանիտար ճգնաժամ առաջացնելու մասին ԱԺ նախագիծն ընդունվեց միաձայն, որին կողմ քվեարկեցին 57 պատգամավոր։