Foto

Անբարոյականինը՝ 40 օր է

Ինչպես հայտնի է՝ քրեական և քաղաքացիական իրավունքում գործում է բարոյական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը, որը, չնայած իրավական կարգավորումների առկայությանը, մեր երկրում դեռևս գործնական կիրառում չի ստացել։ Ի դեպ՝ բացակայում են նաև բարոյական վնասի գնահատման կառուցակարգերն ու փորձարկված մեթոդները, որքան էլ, որ տարօրինակ է։ Այլ կերպ ասած՝ հայկական իրավական համակարգում, չնայած ֆորմալ առկայությանը, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը գործնականում բացակայում է։

Եթե փորձենք այս իրողությունը դիտարկել լայն բացվածքով, ապա ակնհայտ է, որ այս ամենը մի կողմից կարելի է համարել իրավական, օրենսդրական դաշտի չկայացվածության արդյունք, մյուս կողմից՝ սակայն, խնդիրն ավելի ընդգրկուն է, դուրս է նորմատիվային դաշտից, ավլին, հանգում է երկրում, հանրային կյանքում բարոյականության, բարոյական իմպերատիվների լինելիությանն առհասարակ։

Գաղտնիք չէ, որ իրավական համակարգում բարոյական վնասի ինստիտուտի գործառնականությունը, ի թիվս այլ աղբյուրների, բխում է նաև հանրային հարաբերություններում տիրապետող արժեքային համակարգից։ Հասարակությունում, որտեղ արժեբանական նորմերը մեծ հաշվով հանգում են նյութականի գերակայությանը, որտեղ փողը վեր է ամենայնից, բարոյական վնասի մասին խոսակցությունն իսկ կարող է անբարոյականություն համարվել։ Դա մեծապես բխում է գործող իշխանության շահերից, քանի որ վերջինիս գաղափարական, արժեբանական հիմքը լայն իմաստով տգիտությունն է ու դրանից ածանցվող գաղափարների ու արժեքների բացակայությունը։

Այսօր հայաստանյան իշխանությունն առաջնորդվում է այն սկզբունքով, որ հնարավոր չէ ոտնահարել այն, ինչը գոյություն չունի, որովհետև եթե չկան բարոյական, ոչ նյութական արժեքներ, ապա չի կարող խոսք լինել դրանց խախտման և, որպես հետևանք, բարոյական վնասի փոխհատուցման մասին։ Իրականում, սակայն, քաղաքացիների, հանրության ոչ նյութական արժեքները ոտնահարվում են նաև ու անգամ այն դեպքում, երբ վերջինները չեն գիտակցում դա։ Իսկ դա նշանակում է, որ երբևէ Հայաստանի, Արցախի քաղաքացիներին հասցված բարոյական վնասի փոխհատուցումը կարող է և պետք է դառնա նախ՝ հանրային պահանջ, որն իր հեևրթին, կդառնա քրեաիրավական վարույթի առարկա։

Դաժան է, բայց փաստ,  որ 44–օրյա պատերազմում զոհվել են առնվազն 5000 քաղաքացիներ, այս տարվա սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների ընթացքում՝ 200-ից ավելի զինծառայողներ, տասնյակ զինվորներ գտնվում են գերության մեջ, հարյուրավոր ընտանիքներ զրկվել են կացարանից։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս բոլոր դեպքերը՝ առանձին-առանձին և հավաքականորեն, քաղաքացիներին պատճառել են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև բարոյական վնաս, որի փոխհատուցման մասին դեռևս ոչ մեկը չի խոսում։ Բայց լռությունը չի փոխհատուցում բարոյական վնասը, ինչպես և մոռացությունը չի նշանակում ներում։

Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից հայ հասարակությանը, բացի ֆիզիկականից, պատճառվել է նաև տիեզերական մասշտաբի բարոյական վնաս, որը նա չի կարողանալու փոխհատուցել անգամ աշխարհի բոլոր կառավարությունների պարգևավճարները յուրացնելու կամ երկրագնդի բոլոր ճանապարհների ասֆալտների տենդերները շահելու դեպքում։ Ավելին, ըստ ամենայնի Նիկոլը գիտակցում է դա, և հենց դրանով է պայմանավորված հանրային բարոյականությունը հետևողականորեն աղճատելու հարցում նրա ցուցաբերած նախանձախնդրությունը, ինչին ականատես ենք դառնում ամենօրյա ռեժիմով։ Նա ամեն ինչ անում է հանրային համակեցության նորմերը խախտելու, հասարակական բարոյականության նշաձողը, սովորության հանգույն, առավելագույնս իջեցնելու համար, որպեսզի երբևէ, իր գործողությունների ու անգործության արդյունքում հասարակությանը պատճառած բարոյական վնասի փոխհատուցման պահանջի հնչեցման դեպքում, հղում անի նույն հանրության անբարոյականությանը և արդարանա, որ բարոյականություն չունեցող հասարակությունը չի կարող բարոյական վնասի փոխհատուցում պահանջել։

Արմեն Հովասափյան