Դեկտեմբերի 12-ին «Ընդդեմ
ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի իր ելույթում վարչապետ Նիկոլ
Փաշինյանն ասաց․ «Այսօր մենք տեսնում ենք ուղղորդված գործողություններ,
որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը ԼՂ-ում
իսկապես ցեղասպանություն է նախապատրաստում»։ Վարչապետի խոսքով՝ նախապատրաստվում է երեք
տեսակի ցեղասպանություն և միջազգային հանրությունը պետք է լուռ չմնա։ Ելույթում հնչած
մտքերի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է
ուղղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին
տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին։
-
Պարո՛ն Դեմոյան,
Նիկոլ Փաշինյանը խոսում է երեք տեսակի ցեղասպանության մասին՝ տեղահանում,
մշակությային և ֆիզիկական բնաջնջում։ Արցախում երեքն էլ առկա է, իսկ որքանո՞վ է ՀՀ իշխանության քաղաքականությունը նպաստում դրա կանխարգելմանը։
-
Իշխանությունը չունի քաղաքականություն։ Դա պատեհապաշտ, իրադրումային
որոշումներ կայացնող մարդկանց խումբ է, որոնց արհեստական ճանապարհով բերել են իշխանության, որպեսզի սպասարկի տարբեր
աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, ցանկությունները և պատվերները։ Անդրադառնալով
բուն ելույթին՝ պետք է հիշենք, թե ինչպիսի բնութագիր է տվել վարչապետն այդ ցեղասպանությունն
իրագործող, թուրքական դիկտատուրայի մաս կազմող Ադրբեջանի նախագահին։ Իրենք ունեն մշակված
հակահայ քաղաքականություն՝ ի տարբերություն մեզ։ Տրվել է դրական բնութագիր՝ կիրթ, կառուցողական,
ուսյալ և այլն։ Վարչապետը միչև այժմ դա չի հերքել և նման քաղաքականությունը չի հասցեագրում
Ալիևին։ Ադրբեջան արտահայտությունն իրականում լղոզված է՝ պետք է ասել Ադրբեջանի նախագահը
կամ Ադրբեջանի իշխանությունը։ Դա չի ասվում, քանի որ հերքվելու է այն դրական բնութագիրը,
որն, ինչ-ինչ պատճառներից ելնելով, տրվել է Ալիևին։ Երկրորդ դրվագով պետք է ասենք, որ
այն պայմանվորվածությունը, որը 2020թ սեպտեմբերի 27-ին ասվեց՝ «եկեք պայմանվորվենք՝
ինչ էլ որ լինի․․․»։ Դա ասաց պատերազմի առաջին իսկ ժամենրին, իսկ հիմա եղել է և
լինում է այն ինչ պիտի լիներ, և այ սա չի ուզում ասել վարչապետը։ «Եկեք պայմանվորվելու»
արդյունքը, իհարկե սա էր լինելու՝ ցեղասպանություն։ Իհարկե, ինքը ճիշտ է ասում, բայց
դա ակունք ունի։ Երրորդ տարբերակն էլ կա՝ կարող ենք մեզ նորից ցեղասպանված ճանաչել։ Այդ մասին չի խոսում Փաշինյանը։
- Խոսելով
ֆիզիկական բնաջնջման մասին՝ Փաշինյանն առանձնացրեց հողագործական աշխատանքներ իրականացնող
գյուղացիների վրա կրակելը։ Սա ցեղասպանության տեսանկյունից ամենաառարկայանա՞նն է։ Չէ՞ որ
Բաքվի բանտում այսօր քաղաքացիական անձինք են դատապարտված, ուղիղ եթերում քաղաքացիական
անձի վիզ են կտրում և այլ ահասարսուռ տեսարաններ կան։
-
Տեսեք, Փաշինյանը չի ասում, որ նոյեմբերի 9-ի իր ստորագրած չարագուշակ
փաստաթուղթը բազմաթիվ կետերով խախտված է, քանի որ այդ դեպքում պետք է ստորագրության
հետ կանչի հարց առաջանա։ Գերիները պետք է վերադառնային, կողմերը պետք է մնային այն
բնագծերում, որտեղ կանգնած էին, տեղահանվածները պետք է վերադառնային իրենց բնակության վայրեր։ Այսօր ունենք Արցախի հարավի հայաթափման
հարցը։ Այս երեք փաստերը այդ սպասվելիք ցեղասպանության նախադուռն են, որի մասին չի խոսվում, չի բարձարցվում և այդ խախտումներն ինչո՞ւ
չեն բերում գործողություն և հետևանք։ Մնացածը՝ միտքը, բարոյականությունը, մնում են տրակտորի
տակ: Իհարկե, դրանք ավելի կարևոր են։
-
Տեղահանվածների
մասին խոսելիս նշեց միայն Հադրութի շրջանը, արդյո՞ք միայն դա է օկուպացված։ Արցախի
ԱԺ ընդունած բանաձևում բազմաթիվ բնակավայրերի մասին է խոսվում։ Նույնիսկ մշակութային
ցեղասպանության մասին խոսելիս չհիշատակվեց Շուշիի անունը։ Ինչո՞ւ։
-
Բազմիցս ասել եմ՝ ներկա քաղաքան ուժը, եթե դա քաղաքական է կամ,
առհասարակ, ուժ է, իրականացնում է տարբեր տեսակի իրադրային պատվերներ՝ դա կարող է լինել
Բաքվից, Մոսկվայից, Փարիզից․․․
-
Իսկ ո՞ւր է մնում
հայկական շահը
-
Հայկական շահ այս պահին չկա՝ դա ոչնչացված է, տրորված, դրա մասին
նույնիսկ պետկերացում չի մնացել։ Դա հասկանալու համար բավական է կարդալ առաջին դեմքերի
հայտարարություններն ու տեքստերը։
-
Փաշինյանը հայտարարեց,
որ չի վիրավորվում երբ իրեն թուրք են անվանում։ Որպես մասնագետ, ով երկար տարիներ ուսումնասիրել
է Թուրքիայի քաղաքականությունը՝ կվիրավորվեն արդյո՞ք Էրդողանը կամ Ալիևը, եթե նրանց հայ անվանեն։
- Թուրքիայում եղել է դեպք, երբ հայ անվանելու համար գործ հարուցվեց և քրեական պատասխանատվության ենթարկվեց անձը։ Իսկ բուն ձևակերպմանն անդրադառնալով՝ ասեմ, որ այն տկար է, մանուպուլացիայի էլեմնետներ է պարունակում իր մեջ և քաղաքական նման մասշտաբի հայտարարությունների մեջ, նամանավանդ, ակադեմիական լսարանի առջև՝ նման լղոզված, ոչինչ չասող արտահայտություններով քաղաքական մեսիջներ ուղարկելով Անկարային և Բաքվին, ամենանհաջող ձևակերպումներն են՝ ինչպես միշտ։ Իսկ ի՞նչ է նշանակում թուրք։ Թուրք ասելով հայի ինքնություն ունեցող մարդը նկատի ունի ցեղասպանություն իրագարծող, բռնությանը հակված անձի։ Իհարկե, բոլոր թուրքերը չէ, որ կարող են այդպիսին հանդիսանալ, բայց այստեղ Փաշինյանը մանիպուլացնում է և փորձում է տպավորություն ստեղծել, որ բոլոր հայերի համար բոլոր թուրքերը ջարդարար, մարդասպան, բռնաբարողներ են։ Իրականում, թեկուզ փոքրաթիվ, թե՛ ցեղասպանության օրերին, թե՛ մեր օրերում, կան թուրքեր, որ այլ կերպ են մտածում, և բարձաձայնում են իրենց տեսակետը։ Մենք բոլորին նույն կերպ չենք վերաբերում, այլապես մեզ կարող են մեղադրել այլատյացության մեջ։ Սրա մասին չի մտածել վարչապետը, դա ընդամենը երկու քայլանոց օպերացիա է։









