Foto

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի վրա շարունակում են աշխատել.

«Մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը դարձյալ ընդգծել է, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի:

«Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղության պայմանագիրը: Հիմա ավելի մոտիկ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել, և աշխատանքների արդյունքներից է կախված այդ ամենը»,- ասել է ԱԽ քարտուղարը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Գրիգորյանը ասել է, որ դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:

«Վաշինգտոնում համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է դա արվելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- հայտարարել է Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերությանը ևս հարցազրույց է տվել և անդրադարձել անվտանգային մի շարք հարցերի:

Արմեն Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել դեկտեմբերի 8-ին՝ «Հորիզոնի» ժամը 22:00-ի թողարկմանը: