Հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումներում, կարծես
թե, մնում է բեմադրել միայն էնդշփիլը։ Ըստ էության՝ Հայաստանն
ու Ադրբեջանը շարունակում են փոխանակվել հնարավոր «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ
առաջարկներով: Օրերս Սերգեյ Լավրովն ակնարկեց, որ վերջին շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը
կրկին առաջարկներ են են փոխանակել՝ ամենայն հավանականությամբ նոյեմբերի 7-ին, Վաշինգտոնում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպմանն ու դրանից հետո: Երեկ խորհրդարանի ամբիոնից Արարատ
Միրզոյանը հստակեցրեց, որ հայկական կողմը ստացել է Բաքվի առաջարկները, որոնք ըստ էության
արձագանք են հայկական կողմի առաջարկներին: «Մենք ստացել ենք ադրբեջանական կողմի առաջարկները,
հերթական առաջարկները, և հանդես կգանք մեր հերթական առաջարկներով»,-նշեց նա։
Ի դեպ՝ օրերս Մոսկվայում
Սերգեյ Լավրովը Բայրամովի հետ հանդիպման ժամանակ կրկին ակնարկել էր, որ Հայաստանն ու
Ադրբեջանը համաձայնել են բոլոր հարցերը լուծել ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա
Աթայի հռչակագրի հիման վրա: Թեև հայկական կողմը վերապահմամբ է վավերացրել Ալմա Աթայի հռչակագիրը, սակայն Լավրովը այն ներկայացնում
է հետևյալ կերպ. «Այդ
հռչակագիրն ասում է, որ բոլոր միութենական պետությունները հաստատում են սահմանների
անխախտելիությունը Խորհրդային Միության պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններով:
Այլ կերպ ասած` այն ժամանակ ԼՂԻՄ-ը միանշանակ Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետության
մաս էր, և երբ դրան հավանություն են տալիս թե Հայաստանը, թե Ադրբեջանը, թե Ֆրանսիան,
թե Շառլ Միշելը՝ ասելով, որ ճանաչում ենք Ալմա Աթայի հռչակագիրը առանց որևէ վերապահման,
դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ լուծում է հարցը, թե ինչպես մոտենալ
ԼՂ կարգավիճակի հարցին»:
Իրադարձությունների ընթացքը
և զարգացումները, ըստ էության, խոսում են այն մասին, որ հաջորդ բանակցություններն, ամենայն
հավանականությամբ, տեղի կունենան ռուսական հովանու ներքո, թեև ինքնին այդ փաստը չի նշանակում,
որ գործընթացը կշարունակվի կամ վերջնակետին կհասնի Ռուսաստանում: Ռուսաստանը, ինչպես
և Արևմուտքը, փորձում է գործընթացը տեղափոխել իր դաշտ՝ փորձելով գրավել հատկապես Ադրբեջանի
ուշադրությունը և հավանությունը: Համարվում է, որ Հայաստանն անվտանգային առումով կախում
ունեցող, եվրասիական պրոյեկտներին միացած երկիր է, իսկ Ադրբեջանը, թեև պրակտիկորեն
աշխարհաքաղաքական քիչ մանևրներ է անում, սակայն այդ նույն առումով ավելի անկախ
ու ինքնավստահ է գործում, որի գլխավոր պատճառներից մեկն էլ թուրք-ադրբեջանական հարաբերություններն
են:
Անկախ նրանից թե տվյալ դեպքում ինչպես է ինքնամատուցվում Ադրբեջանը և ինչ թեզեր է փորձում տիրաժավորել՝ ռուսական քիմքին հաճոյանալու նպատակով, ակնհայտ է, որ տակտիկական հնարքներով ռուսական դիվանագիտությունը փոխելու է շեշտադրումները, քանի որ ՌԴ-ի համար Ղարաբաղում ներկայությունը չափազանց կարևոր է: Կարգավիճակի հարցի լուծումն այն տրամաբանությամբ, որը ներկայացնում է Լավրովը, ռուսական տեսանկյունից թուլացնելու է ՌԴ-ին: Ասել է թե՝ կողմերին բանակցային իր դաշտ տեղափոխելուց հետո ՌԴ-ն ինչ–որ բովանդակային փոփոխություններ է մտցնելու, ինչն իրենից մեծ բարդություն չի ներկայացնում դինամիկ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին:
Միաժամանակ չպետք է մոռանալ,
որ Արևմուտքը վերջին շրջանում Հարավային Կովկասում ավելի վստահ ու ակտիվ է գործում: Ամերիկյան կողմից այցերը շարունակվում են և ուղղված են արևմտյան պլատֆորմի ամրապնդմանը, իսկ ԱՄՆ-ի բարձրաստիճան առաջարկները, ինչպես
տեսնում ենք, կողմերը չեն կարողանում մերժել: Այլ հարց է, որ համաձայնությունների չեն
հանգում և պատճառներ են փնտրում աշխարհաքաղաքական մանևրումների համար: Ըստ էության՝
փաստն այն է, որ հակամարտության շուրջ, Հայաստան-Ադրբեջան առճակատումից բացի, այսօր
ականատես ենք նաև ՌԴ-ԱՄՆ կամ ՌԴ-Արևմուտք սուր առճակատման կամ մրցակցության, որն էականորեն
ապակայունացնում է մթնոլորտը ողջ տարածաշրջանում:
Արմեն Հովասափյան









