Foto

Թուրքական ապրանքների գրոհն ու ռիսկերը

Որպես կանոն, հայկական ապրանքները բարձր մաքսատուրքերի կիրառման և այլ խոչընդոտների պատճառով միշտ էլ տեղ չեն ունեցել թուրքական շուկայում։ Այլ պատկեր էր, սակայն, 2022-ին․ ինչպես հայտնի է՝ այս տարի մի պահ արտահանման կտրուկ աճ արձանագրվեց, ինչն անկեղծորեն զարմացրեց շատերին։ Բանն այն է, որ երկու ամիս անընդմեջ ՀՀ-ից խոշոր արտահանում իրականացվեց դեպի Թուրքիա։ Այնպիսի տպավորություն էր, թե իշխանությունների նախաձեռնած, այսպես կոչված, «խաղաղության օրակարգի» շրջանակներում Թուրքիան որոշել է հանել խոչընդոտները և իր դռները լայնորեն բացել է հայկական ապրանքների առաջ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ աճը եղել է գերազանցապես մեկ ապրանքատեսակի գծով. Թուրքիա էր արտահանվել բավական մեծ քանակությամբ հայկական ոսկի՝ երկու ամսում ավելի քան 47 մլն դոլարի չափով (հունիսին արտահանվել էր շուրջ 20, հուլիսին՝ ավելի քան 27 մլն դոլարի ոսկի)։

Արտահանման նման ցուցանիշներ վերջին տասնամյակներին երբևիցե չէին եղել։ Առաջին հայացքից տպավորություն էր, որ Թուրքիան փոխել է երբեմնի մոտեցումն իր շուկայում հայկական ապրանքների ներկայացվածության առումով։ Թեկուզ և արտահանման աճը վերաբերում էր այնպիսի ապրանքատեսակի, որն արտաքին շուկաներում իրացման որևէ խնդիր չունի։ Եթե դա չլիներ Թուրքիան, առանց դժվարության, ոսկին կարող էր արտահանվել նաև մեկ այլ երկիր, բայց արտահանվել էր հատկապես Թուրքիա։ Տարբեր շահագրգիռ հատվածներում սպասումներ կային, որ հետագայում ևս այդ միտումը կպահպանվի, կշարունակվի առնվազն ոսկու արտահանումը։ Բայց այդպես չեղավ. արտահանումը Թուրքիա կրկին «սառել» է։ Մասնավորապես, հունիս-հուլիսի ակտիվությունից հետո Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալները նորից նվազել են։

Հիմա ավելի փաստականեթե հունիսին արտահանումը կազմել էր շուրջ 20,2 միլիոն, խոսքը ոչ միայն ոսկու, այլև այլ ապրանքների արտահանման մասին է, հուլիսին՝ 27,2 միլիոն, ապա օգոստոսին կազմեց 4,3 միլիոն դոլար։ Նախորդ ամսվա համեմատ՝ օգոստոսին արտահանումը Թուրքիա կրճատվեց ավելի քան 6 անգամով։ Հանճար լինել պետք չէ, որպեսզի հասկանալ, որ այդ ամենում մեծ գաղտնիք չկա. այն ավելի շուտ քաղաքական, քան տնտեսական բնույթ է կրում։ Տնտեսականի անվան տակ՝ փորձում են առաջ տանել իրենց աշխարհաքաղաքական շահերը։ Ի դեպ՝ նույն այդ շահերի տիրույթում պետք է դիտարկել նաև Հայաստանից արտահանման այն ակտիվությունը, որը մի պահ արձանագրվեց հայկական ոսկու տեսքով։

Անցնելով առաջ փաստենք, որ ամեն դեպքում, այս տարի էական փոփոխություններ են դիտարկվել հայ-թուրքական առևտրային հարաբերություններում, և դա վերաբերում է ոչ միայն ներմուծմանը, այլև արտահանմանը։ Կտրուկ ավելացել է՝ ինչպես ներմուծումը, այնպես էլ՝ արտահանումը։ Տարեկան կտրվածքով Հայաստանից Թուրքիա արտահանումն անցել է 58 մլն դոլարից։ Հիմնական մասը ոսկին է, բայց դրանով հանդերձ՝ նախկինում երբևէ այդպիսի ցուցանիշ չէր արձանագրվել։

Ըստ էության՝ արտահանումը թուրքական շուկայում միշտ էլ գրեթե այդպիսին է եղել, ու դրա հիմնական պատճառն այդ երկրի իշխանությունների կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական սանկցիաների քաղաքականությունն է։ Թեև Թուրքիան հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, այնուհանդերձ դա երբեք էլ նրա համար խոչընդոտ չի եղել, տարբեր միջոցներով արգելելու հայկական ապրանքների մուտքը իր շուկա, ինչը տեսել ենք արտահանման ցուցանիշներում։ Փոխարենը՝ հայաստանյան շուկան բաց է եղել թուրքական ապրանքների համար։ Փակ սահմանները կամ պաշտոնական հարաբերությունների բացակայությունը խոչընդոտ չի եղել այդ ճանապարհին։

Բոլորին է հայտնի, որ անգամ ներմուծման էմբարգոյի շրջանում Թուրքիայից բավական մեծ քանակությամբ թուրքական ապրանքներ էին ներկրվում Հայաստան (տարեկան գրեթե 80-90 մլն դոլարի կարգի, սա օֆիցիալ)։ Թե ինչքան էլ բերվում էր այլ երկրների անվան տակ, հայտնի չէ, բայց այնպես չէր, որ էմբարգոյի ժամանակ հայկական շուկայում թուրքական ապրանքների պակաս է զգացվել։ Առավել ևս այս տարի չի զգացվում, երբ իշխանություններն իրենց խաղաղասիրական քաղաքականության նկրտումներից ելնելով, որոշեցին վերացնել ներմուծման սահմանափակումները ու հարվածի տակ դրեցին տեղական այն արտադրողներին, ովքեր մի կերպ հարմարվել էին շուկայի նոր կոնյունկտուրային։

Այս ամենը տեղի է ունեցել դեռ փակ սահմանների ու պաշտոնական հարաբերությունների բացակայության պարագայում։ Եթե մի պահ պատկերացնենք, թե սահմանների բացումից հետո, որին այդքան ջերմեռանդությամբ գնում են այսօրվա իշխանությունները, ինչ տեղի կունենա, բավականին սահմռկեցուցիչ տեսարանի ենք ականատես դառնում։

Արմեն Հովասափյան