Նախորդ վերլուծություններից
մեկում արդեն անդրադարձել էինք ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ, Կովկասյան բանակցությունների
գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հարավկովկասյան տարածաշրջան կատարած այցին։ Ե՛վ Ադրբեջանում,
և՛ Հայաստանում դիվանագետը հանդիպումներ էր ունեցել՝ ինչպես ղեկավարների, այնպես էլ՝
նախարարների և այլ պաշտոնյաների մակարդակներով։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝
Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել էր Արցախի հիմնախնդիրը, այդ թվում՝
Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող
հարցեր: Ռիքերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար
Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված
է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
Ի դեպ՝ հավելենք, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կցանկանա հայ-ադբեջանական սահմանը, որքան հնարավոր է շուտ, տեսնել սահմանազատված, իսկ խաղաղության պայմանագիրը՝ ստորագրված։ Հատկանշական է, որ Ռիքերի այցը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին՝ Մակրոնի մասնակցության պայմանի պատճառով Բրյուսելում նախատեսվող Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման տապալման և այս փուլում Մոսկվայի ավելի ակտիվ դերակատարության ֆոնին։
Ներկայումս ականատես ենք բանակցային գործընթացի շուրջ ՌԴ-ԱՄՆ աննախադեպ բնույթի մրցակցության,
որի ոչ մի դրվագում ԱՄՆ-ը «զենքերը» վայր չի դնում և մինչև վերջ փորձում է պահել գործընթացի
նկատմամբ վերահսկողությունը։ ԱՄՆ-ը հասկանում է, որ Մոսկվան օգտվում է արևմտյան
հարթակում ցանկացած տապալումից, ուստի այդ փուլերում ավելի է ակտիվացնում իր ջանքերը։
ԻՆչպես ցույց են տալիս
ընդհանուր աշխարհաքաղաքական վարիացիաները՝ տեղի ուենցող այս քաոտիկ անցուդարձի մեջ
գլխավորը, որին ԱՄՆ-ը ցանկանում է հասնել, դա Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններն
են՝ առանց միջնորդների, այս դեպքում՝ առանց Ռուսաստանի։ ԱՄՆ-ը հասկանում է, որ եվրոպական
հարթակը հաջողության չհասավ, իսկ ԱՄՆ-ը երկար ժամանակ չի կարողանա կառավարել գործընթացը,
ուստի փորձում է կողմերին նստեցնել ուղիղ բանակցությունների դաշտ կամ գոնե բանակցություններ,
որոնք չի բացառվում, որ տեղի ուենան Թբիլիսիիում, այլ ոչ թե Սոչիում կամ Մոսկվայում։ Դեպքերի
զարգացման վերծանումը ցույց է տալիս հետևյալը․ դեկտեմբերի 7-ին ծրագրվող հերթական հանդիպումը
տապալվեց միջնորդի նկատմամբ անվստահության իրավիճակում․ բանն այն է,
որ ԱՄՆ-ը
ասում է՝ խոսեք առանց միջնորդների և մի ընդհատեք գործընթացը։
Միացյալ Նահանգներն ընտրված տակտիկայով փորձում է միանգամից երկու խնդիր լուծել՝ չեզոքացնել Մոսկվային, ինչպես նաև չտապալել անցանկալի միջնորդների պատճառով եվրոպական հարթակում սկսված ողջ գործընթացը, հատկապես, երբ նաև նոր առաջարկներ են հնչել։ Կարող ենք եզրահանգել, որ ԱՄՆ-ը ամեն դեպքում չի հասկանում՝ ինչո՞ւ են Հայաստանին հարկավոր միջնորդներ, ինչո՞ւ է պետք, որպեսզի Մակրոնը մասնակցի բանակցություններին։ Ըստ էության դժվար է, առանց միջնորդների, ինչ-որ հարց քննարկել Բաքվի հետ, քանի որ այդտեղ ստանդարտ բանակցություն ակնկալելը բարդ է, իսկ ավելի բարդ է, երբ կա ուժի գործոնով «խոսելու» սովորություն։ Ուստի այս ուղերձը, ԱՄՆ-ի տեսանկյունից, իր կողմից գուցե լավ հաշվարկված քայլ է, իսկ Մոսկվան այդ առանձնահատկությունները լավ է հասկանում։
Ամփոփելով՝ կարող ենք ընդգծել,
որ ամերիկյան այս առաջարկից ու դրա հետագա ընթացքից մեծ ակնկալիքներ չպետք է ունենալ։
Այս պահին անորոշ է թվում, թե ինչպես կընթանան բանակցությունները ու ամենակարևորը՝
որտեղ։ Սա այն նոր իրականությունն է, որին կողմերը բախվում են ԵԱՀԿ ՄԽ փլուզումից ու, ընդհանուր առմամբ, աշխարհակարգի փլուզումից հետո։
Արմեն Հովասափյան









