Foto

Աստված մի՛ արասցե, որ մենք այս ամբիոնում ևս մեկ անգամ գանք և խոսենք, թե ինչո՞ւ չկանխվեց հետագա պատերազմը․ Աբրահամյան

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ ժողովրդի հիշողությունը կարճ չէ և շատ լավ հիշում են, թե ամենատարբեր փուլերում ով ինչ է արել։ 

«Ադրբեջանը վերջին մեկ անսվա ընթացքում բավականին ակտիվ տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական և ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը շատ նման է մարտական գործողությունների վերսկսմանը։ Նրանք թիրախավորում են ոչ միայն  Արցախի, Հայաստանի առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, այլ նաև քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակիչներին, ինչը ցույց է տալիս, որ մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն աճել է»,- այս մասին ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ ասաց Աբրահամյանը։ Նա նշեց, որ շատ կարևոր է հասկանալ, թե այս իրավիճակում ի՞նչ է անում պետությունը և իշխանությունը՝ զսպելու, կանխելու, հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Ադրբեջանի «մրթին հասցնելու» համար։

«44-օրյա պատերազմից հետո Արցախի և Հայաստանի նկատմամբ տեղի է ունեցել 5 ագրեսիա: Թե ինչքան տարածքային կորուստներ ենք ունեցել, դրա մասին խոսել է նաև իշխանությունը։ Գուցե հռետորական է հնչում ասելիքս, բայց խորհրդարանի ձախ հատվածում էլ կան մարդիկ (նկատի ունենալով իշխանականներին. խմբ.), որոնք գիտակցում են իրավիճակի լրջությունը։ Աստված մի արասցե, որ մենք այս ամբիոնում ևս մեկ անգամ գանք խոսենք, թե ինչո՞ւ չկանխվեց հետագա պատերազմը։ Այն իրավիճակը, որ այսօր ձևավորվել է Արցախի և Հայաստանի շուրջ, ցավոք դրական կամ լավատեսական մտքեր արտահայտելու հնարավորություն չի ստեղծում»,- եզրափակեց պատգամավորը։ 

Հեղինակ: Թամարա Աբրահամյան