Օրերս
«Գելափ» միջազգային կազմակերպության կողմից հրապարակվեց սոցիոլոգիական հարցումների
տվյալներ, ըստ որի՝ ՀՀ-ում հարցվածների 47.4 տոկոսը չի քվեարկի քաղաքական
որևէ ուժի օգտին, եթե առաջիկա կիրակի օրը կայանային խորհրդարանական ընտրություններ։
Նույն հարցման արդյունքներով, քիչ թե շատ նշանակալի տոկոսներ ստացած վեց քաղաքական
ուժերի հանրագումարը փոքր է 30 տոկոսից։ Եթե անկեղծ, ապա այդ ամենը բավական է, որպեսզի
կարծիք կազմենք Հայաստանի քաղաքական դաշտի,
ավելի ճիշտ՝ դրա չգոյության մասին։ Այսօր գոյություն ունեցող իրականությունը խոսում
է այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում քաղաքացիների
շուրջ 50 տոկոսը չի վստահում քաղաքական ուժերից որևէ մեկին, իսկ վստահություն ունեցողների
հավաքական արդյունքը չի գերազանցում 30 տոկոսը։
Վերը ասված փաստը բավական
ռիսկային է ու խոսում է հանրային անտարբերության մասին, ինչն իր հերթին փաստում է,
որ քաղաքացիների 50-70 տոկոսը քաղաքականությանը ուղղակի թքած ունեն և քաղաքականությունը
չի համարում խնդիրների լուծման մեխանիզմ մի երկրում, որի առջև ծառացած մարտահրավերներն
ունեն գոյաբանական, կենսական նշանակություն։
Ըստ էության՝ քաղաքացիներին
այս հարցում անտարբերության մեջ մեղադրելն ամենահեշտն է, ինչով և զբաղվում է քաղաքական
ուժերի մեծ մասը, բայց իրականության մեջ խնդիրը ոչ թե քաղաքացիների վերաբերմունքի,
այլ քաղաքական կուսակցությունների անգործության, դեգրադացիայի հարթությունում է։ Կարևոր
է ընդգծել նաև, որ դա ավելի կամ պակաս համամասնություններով վերաբերում է՝ ինչպես իշխանական,
այնպես էլ՝ ընդդիմադիր քաղաքական միավորներին։
Անկասկած, գոյություն ունեցող
պրոբլեմը համակարգային է և վերաբերվում առանձին կուսակցությանը կամ մի քանի քաղաքական ուժերի։ Խնդիրը քաղաքականության
ինստիտուտի ձախողումն է՝ որպես պետության կառավարման, պետության առջև ծառացած մարտահրավերների
լուծման մեխանիզմ։ Այստեղ ևս միանշանակ է, որ իրենց առանցքային մեղքն ունեն ինչպես
իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնց իրականացրած քաղաքականությունը
հակաքաղաքականություն է՝ բովանդակորեն և գործառութային իմաստով։ Հենց նշված գործողություններն
են, որոնք աստիճանաբար հանգեցրել են քաղաքացիների
շրջանում քաղաքականության նկատմամբ, լավագույն դեպքում, անտարբերության, իսկ իրականում՝
ատելության, ինչն ուղղակի կործանարար կարող է լինել ցանկացած պետության համար։
Եթե այս ամենը ներկայացնենք
ընդհանուր բանաձևմամբ, ապա հայկական իրականության գլխավոր անոմալիաներից մեկն այն է,
որ գործնականում ՀՀ-ն պետություն է՝ առանց քաղաքականության, որովհետև շատ հաճախ հասարակության
տեսածն ու լսածը ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքականության իմիտացիա, ընդ որում,
անհաջող իմիտացիա։ Ինչպես հայտնի է՝ պետությունն առանց քաղաքականության մոտավորապես
նույնն է, ինչ կենդանի օրգանիզմը՝ առանց արյան, կամ թատրոնը՝ առանց դրամատուրգիայի։
Այսինքն՝ այն ի բնե դատապարտված է, քանի որ առանց քաղաքականության երկիրը չի կարող
նորմալ կենսագործունեություն ծավալել և առավել ևս՝ զարգացման հնարավորություն ունենալ։
Ասվածից կարող ենք եզրահանգել,
որ օրինաչափ է, երբ «պետություն՝ առանց քաղաքականության» ռեժիմից Հայաստանն
ամեն օր սահուն քայլերով մոտենում է «քաղաքականություն՝ առանց պետության» իրականությանը,
որում քաղաքականությամբ զբաղվելը նմանվում է առանց դրամատուրգիայի խաղացվող անբովանդակ
ներկայացման։
Արմեն Հովասափյան









