Foto

Հայ հրաձիգները 1 ոսկե և 2 արծաթե մեդալ են նվաճել Լեհաստանում

Հայ հրաձիգներն օրերս մասնակցել են Լեհաստանի հրաձգության բաց առաջնությանը և 1 ոսկե ու 2 արծաթե մեդալ են նվաճել:

Ատրճանակավար կանանց մրցաշարում բոլորին գերազանցել է երևանցի Էլմիրա Կարապետյանը: 10մ հեռավորությունից նա դիպուկ կրակոցներով վաստակել է 578 միավոր և արժանացել է հաղթողի կոչմանը:

Հայ մարզուհին, որը ընթացիկ մրցաշրջանում իր համար արդեն ապահովել է Փարիզի օլիմպիական ուղեգիր, իր թիմակից Բենիկ Խլղաթյանի ընկերակցությամբ, խառը մրցաձևում, 290+284 միավորների ընդհանուր գումարով ճանաչվել է երկրորդը:

Նույն՝ ատրճանակավար տղամարդկանց մրցումներում Բենիկ Խլղաթյանը 580 միավորով դարձյալ երկրորդ տեղն է գրավել:

Մեր թիմի երրորդ պատվիրակ, հրացանակիր Հրաչյա Բաբայանի մեկնարկը նույնպես հաջող էր: 10 մետրից նա վաստակել է 625, 5 միավոր և երրորդ արդյունքով մտել եզրափակիչ: Վճռական փուլում, ավաղ, Հրաչյան զենքի հետ կապված տեխնիկական խնդիր է ունեցել և դուրս է մնացել պայքարից: