Հայ-ադրբեջանական բանակցային հարաբերություններում ռուսական դերակատարումը կարծես
թե նոր թափ է հավաքում, այս հանգամանքը օրերս վերահաստատվեց ևս մեկ անգամ։ Նախորդ շաբաթ
հայտնի դարձավ, որ Բաքու է մեկնել Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական
հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ
Իգոր Խովաևը (հիշեցնենք, որ վերջինս նոյեմբերի կեսերին Հայաստանում էր):
Խովաևի ադրբեջանական այցի ետ կապված՝ Մարիա Զախարովան նշել է, որ դիվանագետը Ադրբեջանի
մայրաքաղաքում քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության
պայմանագրի» խնդիրները: Նա նաև ասել է, որ «խաղաղության պայմանագրի» թեման, ինչպես
նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետ կապված մյուս հարցերը
բավական բարդ բնույթ են կրում, հետևաբար, Մոսկվան նպատակահարմար չի համարում մեկնաբանել
կողմերի դիրքորոշումները, մինչև հստակ պայմանավորվածություններ ձեռք չբերվեն: Եթե ասվածը
թարգմանենք դիվանագիտական լեզվից, ապա Զախարովան քաղաքավարի կերպով հրապարակավ հայտնել է,
որ տեղի են ունենում փակ քննարկումներ, որոնց մասին ոչ մեկ չի պատրաստվում, գոնե այս
փուլում, բարձրաձայնել։
Կարևոր է արձանագրել, որ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի և եռակողմ
պայմանավորվածությունների խախտումների վերաբերյալ հարցին, Զախարովան ընդգծել է կողմերի
միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների կատարման, ինչպես նաև իրավիճակի սրումից
խուսափելու կարևորությունը: «ՌԴ-ն պահպանում է կանոնավոր շփումները երկու կողմերի հետ՝
ինչպես քաղաքական մակարդակում, այդ թվում՝ երկրի ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով,
այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության
սահմանապահ ծառայության միջոցով՝ զինված միջադեպերը կանխելու նպատակով: Եվ, անշուշտ,
մենք կշարունակենք աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝
տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար»,- ասել է նա:
Ամիսներ շարունակ կարգավորման արևմտյան փաթեթը վերջնական ուսումնասիրելուց հետո, ներկայումս կողմերը սկսում են հնարավորություններ փնտրել Մոսկվայում՝ յուրաքանչյուրն իր նպատակների շրջանակում: Ընդհանուր առմամբ իրավիճակը բարդ է այնքանով, որ ռուսական ու արևմտյան փաթեթների միջև տարբերությունը չնչին է, բացի այդ, և՛ Երևանի, և՛ Բաքվի համար, ինչ-որ առումով, խնդրահարույց են թե՛ ռուսական, թե՛ արևմտյան առաջարկները:
Ադրբեջանի համար ռուսական տարբերակը խնդրահարույց է Արցախի կարգավիճակի տեսանկյունից, քանի որ ՌԴ-ն դիտարկում է խաղաղապահների մանդատի երկարաձգում, որին դեմ է Ադրբեջանը: Սակայն ստացվում է, որ արևմտյան տարբերակում նույնպես Ադրբեջանի համար խնդրահարույց կետեր կան: Խնդիրն այն է, որ որքան էլ տարբերակներից արտահոսքեր տեղի են ունենում, դրանք մեծ վստահություն չեն ներշնչում և չեն կարող լուրջ վերլուծության հիմք լինել:
Թեև կողմերը բանակցում էին Բրյուսելում, սակայն սեպտեմբերյան ագրեսիայով այդ գործընթացը էականորեն տուժեց, և, չնայած, կողմերը հանդիպեցին Պրահայում, նախարարները՝ Վաշինգտոնում, դա չփրկեց գործընթացը, քանի որ նոյեմբերին նախատեսված հանդիպումը Բրյուսելում, որը, թվում էր, թե որոշիչ պետք է լինի, կարծես չկայացավ: Ի դեպ՝ բավական բարդ իրավիճակ է ստեղծվում նաև Արևմուտքի համար. սահմանին ԵՄ դիտորդները ժամանակավոր են տեղակայվել, եթե հայ-ադրբեջանական գործընթացը չի պսակվում հաջողությամբ, այսինքն՝ «խաղաղության համաձայնագիրը» չի կնքվում, հարց է առաջանում, թե ինչ է լինելու դիտորդների հետ:
Փաստենք, որ ներկայումս բավականին անկանոն, անհասկանալի փուլ է, այդ թվում՝ և՛ Երևանը, և՛ Բաքուն «երկու աթոռի վրա նստելու» փորձեր են անում, ինչը հիմնականում պայմանավորված է գլոբալ միտումներով: Ողջ բանակցային գործընթացում անորոշություն է:
Արմեն Հովասափյան









