Foto

Դատախազությունը ստացել է Արմեն Աշոտյանի հանցագործության մասին հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը՝ նրա ելքը ՀՀ-ից արգելելու վերաբերյալ։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է, մինչդեռ, Աշոտյանի հավաստմամբ՝ իրեն մեղադրանք չէր առաջադրվել։ Նկատենք, որ Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ՝ մասնակցելու ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Օդանավակայանում սահմանապահները Ա.Աշոտյանին հայտնել են, որ նրա ելքը երկրից արգելված է, քանի որ նա հանդիսանում է ինչ-որ գործով մեղադրյալ, փոխանցում են քննիչի հեռախոսահամարը, որն էլ հայտնել է, թե դատախազի կողմից որոշում է կայացվել՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ իրեն մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

ՀՀ դատախազություն