Ամերիկյան աշխարհաքաղաքական
«պարտիան» հարավկովկասյան տարածաշրջանում շարունակում է հաստատակամ քայլերով առաջ ընթանալ։
Ինչպես հայտնի է՝ օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել
Նիկոլ Փաշինյանի հետ: Օրեր անց Բլինքենը հեռախոսային զրույց էր ունեցել նաև
Իլհամ Ալիևի հետ: Ինչպես առաջին հեռախոսազրույցի ընթացքում,
այնպես էլ երկրորդում` նա հստակ զգուշացումներ, կոչեր էր հղել Փաշինյանին ու Ալիևին,
ինչն, ըստ էության, կարելի է որակել ոչ միշտ հանդիպող դիվանագիտական տոնայնություն:
Ընդգծենք, որ ինչպես Փաշինյան-Բլինքեն
զրույցի դեպքում էր, Բլինքեն-Ալիև առանձնազրույցի պարագայում նույնպես «արտահոսքը» արեց
պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը՝ նշելով. «Կողմերը
քննարկել են հայ-ադրբեջանական երկկողմ խաղաղ բանակցությունների արդյունքներն ու հետագա
քայլերը։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը
խաղաղ գործընթացին և հորդորել է երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները,
ինչպես պայմանավորվել են Վաշինգտոնում: Նա հորդորել է Ալիևին՝ պահպանել հրադադարը և
սահմանափակել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով ՀՀ հետ վստահության ամրապնդման
միջոցներ՝ խաղաղության հիմք ստեղծելու համար»:
Տարածված հաղորդագրություններից (Փաշինյանին և Ալիևին) և Փրայսի «արտահոսքերից» ակնհայտ է դառնում, որ երկու դեպքում էլ Բլինքնենը հորդորում է շարունակել բանակցությունները։ Բանն այն է, որ ամենայն հավանականությամբ, ամերիկյան կողմը հայ-ադրբեջանական սահմանին տիրող ներկայիս իրավիճակի մասին հստակ տվյալներ ունի, ավելին, փաստական տեղեկություններ ունի, որ բանակցային գործընթացը կարող է խզվել, և այն ամբողջ արդյունքը, որը կուտակվել է Բրյուսելում ամիսներ շարունակվող բանակցություններում, պարզապես կկորսվի: ԱՄՆ-ի համար բարդ չէ սահմանային իրավիճակի ճիշտ ուսումնասիրությունը, հատկապես, երբ տեղում կան ԵՄ դիտորդներ:
Եթե ինչ-ինչ
պարագաներում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան ձևաչափը
տապալվի, ապա, բնականաբար, միցակից երկրների համար հնարավորություններ կբացվեն: Տվյալ դեպքում խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի և Իրանի մասին է։ ԻՆչպես հայտնի է՝ Իրանն առաջ է մղում 3+3 գաղափարը՝ առաջարկելով
բոլոր հարցերը լուծել միմիայն տարածաշրջանում:
Տարածաշրջանում ձևավորվել է նոր իրավիճակ․ փաստացի գործ ունենք արդեն փլուզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ,
ավելին՝ արդեն հրապարակային խոսվում է դրա մանդատը վերացնելու մասին, քանի որ, ըստ էության, այն ավելնորդ է, իսկ միջնորդ երկրները բաժանվել ու սեպարատ գործունեություն
են ծավալում հարավկովկասյան տարածաշրջանում։
Ինչ է ստացվում՝ չկա Մինսկի խումբ, չկա այդ մանդատի ճանաչում, և չկան, այսպես կոչված, ավանդական միջնորդներ, որոնք սովորաբար եղել են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: Ի դեպ՝ չնայած այդ ամենին, պետք է նաև ընդունել, որ այս երեք երկրները որոշակիորեն պահպանում են իրենց դերը, բայց ԵՄ-ն ևս միջնորդում է, Թբիլիսիում ևս ամռանը նախարարական հանդիպում տեղի ունեցավ, Պրահայում վերջերս տեղի ունեցած հանդիպումը քառակողմ բնույթ էր կրում Միշելի ու Մակրոնի մասնակցությամբ: Ասել է թե, ստեղծված իրավիճակում նոր ձևաչափեր են գործադրվում, իսկ ԱՄՆ-ը, երևի թե փորձում է կանխել հենց այդ հնարավոր նոր ձևաչափերի կիրառումը կամ նոր միջնորդների ի հայտ գալը՝ օգտագործելով գերտերության իր ազդեցությունը: Վերը նշվածից կարող ենք եզրահանգել, որ փաստացի այսօր այս կուրսը ԱՄՆ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է դարձել, որտեղ ԱՄՆ-ը զբաղվում է ՌԴ-ի ու Իրանի զսպմամբ:
Արմեն Հովասափյան









