Foto

Մահացել է նախկին առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը

Կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 - 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյնաը։

«Ցավով տեղեկացա, որ երեկ կյանքից հեռացել է անվանի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1989 - 90 թթ. ՀԽՍՀ առողջապահության նախարար Արտաշես Ազնաուրյանը։

Մեծ է Արտաշես Ազնաուրյանի ավանդը թե՛ որպես բժիշկ - հյուսվածաբանի, թե ՛ որպես առողջապահական համակարգի կազմակերպչի։

Ազնաուրյանը տասնյակ տարիներ բժիշկների մի քանի սերունդ է կրթել, ղեկավարել ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնը։

Ցավակցությունս եմ հայտնում ակադեմիկոսի ընտանիքին ու հարազատներին», – գրել է նա։

 

Արտաշես Ազնաուրյանը 1964 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Մի քանի տարի անց բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնում պաշտպանել է թեկնածուական, իսկ 1975 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը: 1977 թ. Ազնաուրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Շուրջ 30 տարի Արտաշես Ազնաուրյանը ղեկավարել է հյուսվածաբանության ամբիոնը, 1989-1990 թթ. եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարը. ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի հիմնադիրներից է:

Ազնաուրյանը հեղինակ է ավելի քան 330 գիտական հոդվածի, հայերեն 2 դասագրքի, ռուսերեն և անգլերեն 5 ուսումնական ձեռնարկի, 5 մենագրության, հյուսվածաբանական տերմինների եռալեզու բառարանի (հայերեն, ռուսերեն, լատիներեն):

Պրոֆեսոր Ազնաուրյանի ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 4 տասնյակ թեկնածուական և 10-ից ավելի դոկտորական ատենախոսություն: