|
Ամփոփվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի հայտարարած երիտասարդ գիտնականների համար «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի արդյունքները։ Եվ այսօր՝ նոյեմբերի 18-ին Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որին ներկա էր նաև Ռուաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը։
«Նախ կցանկանամ շնորհավորել հաղթող մասնակիցներին և ասեմ, որ Ռուսաստանի հայերի միությունը տասնյակ տարիներ եղել է ԳԱԱ կողքին և միշտ անցկացրել է մրցույթներ։ Ցավոք, վերջին երեք տարիների ընթացքում, պայմանավորված վերջին իրադարձութուններով՝ կորոնավիրուսով և հետո պատերազմով, ստիպաված պասիվացան մեր աշխատանքները, բայց հիմա պետք է լրացնենք այդ բացը և ամեն տարի կազմակերպենք նման միջոցառումներ և մրցանակաբաշխություններ։ Ես միշտ եղել եմ գիտության կողքին և հիմա էլ պատրաստ եմ նպաստել դրա զարգացմանը, քանի որ գիտությունը պետության ամենակարևոր օղակներից մեկն է։ Մենք՝ հայերս, շատ խելոք և խելացի ազգ ենք, և եթե մենք պայմաններ ստեղծենք՝ ամեն ինչ առաջ կգնա։ Գիտության համար, որքան էլ ներդրում անես, միևնույն է քիչ է, քանի որ գիտության մեջ սահմաններ չկա»,- այս մասին նշեց Արա Աբրահամյանը՝ խոստանալով այսուհետ ևս աջակից լինել յուրաքանչյուր նոր ձեռքբերմանը։
ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն էլ իր հերթին նշեց, որ դեռ մի քանի ամիս առաջ էր հայտարարվել «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթը ԳԱԱ-ի, ՌՀՄ-ն և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի կողմից, որը հովանավորել է մեծ բարերար, Արա Աբրահամյանը։ Սաղյանն հույս հայտնեց, որ նման համագործակցությունը շարունակական կլինի՝ ակնկալելով երիտասարդ գիտնականների համար հետագայում մրցանակային ֆոնդի ավելացում։
Որպես վերոնշված աշխատանքների համակարգող, խոսք տրվեց ակադեմիկոս Արթուր Իշխանյանին, ով իր հերթին շնորհակալություն հայտնեց Արա Աբրահամյանին և նշեց, որ այսօրինակ մրցանակները մեր երկրում այս ծանր պայմաններում կարևոր, էական, անգամ մշակութաստեղծ երևույթ են, որովհետև գիտության ոշորտն անշուշտ ունի սատարման անհրաժեշտություն։ « Պետք է գիտակցնենք, որ այո, սա 21-րդ դարն է, որը տեխնոլոգիաների դարն է, ազգերի մրցակցությունը մտել է այդտեղ, ավելի ճիշտ առավել արտահայտվել է այս դարում, իսկ տեխնոլոգիաների հիմքում անշուշտ գիտությունն է ևմեր երկրի ապագան ինչ-որ չափով մեր երիտասարդ գիտնականների ձեռքին է։ Պարոն Աբրահամյանի կողմից կազմակերպած այս մրցանակաբաշխությունը, ըստ իս էական ներդում է գիտության ոլորտում աշխուժացման համար և հրաշալի ստիմուլ է հանդիսանում ապագայում ևս լավ գործելու։ Եվ ես հույս եմ հայտնում, փայփայում, որ մրցանակաբաշխությունը կլինի շարունակական»,- նշեց Իշխանյանը։
Հավելենք, որ մրցանակաբաշխության անվանակարգերում հաղթող են ճանաչվել ՝
- Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Դավիթ Հայրապետյանը (Հայ-Ռուսական համալսարան), 2-րդ տեղը՝ Արմեն Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), 3-րդ տեղը զբաղեցրել են Տիգրան Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) և Վահրամ Ղազարյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ):
- Քիմիա և Երկրի մասին գիտություններ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Ջոն Կարապետյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Մարիետա Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ), Աստղիկ Շահխաթունին (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն): 3-րդ տեղը զբաղեցրել են Բալաբեկ Սարգսյանը (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա) և Անուշ Հովակիմյանը (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն):
- Կյանքի մասին գիտություններ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Գոհար Ցականովան (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Հեղինե Գևորգյանը (Երևանի պետական համալսարան), 3-րդը՝ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն):
- Հայագիտություն և հասարակական գիտություններ անվանակարգում 1-ին մրցանակին արժանացել են Լևոն Աղիկյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Միքայել Մալխասյանը (Երևանի պետական համալսարան), Վոլոդյա Մկրտչյանը (Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարան): 2-րդ մրցանակին արժանացել են Մարտին Հարությունյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Մերի Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն), Արմեն Ավանեսյանը (ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ): 3-րդ մրցանակին արժանացել են Գոռ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Ռուբեն Մելքոնյանը և Նաիրա Պողոսյանը (Երևանի պետական համալսարան)։
Մրցանակային ընդհանուր ֆոնդը եղել է 15 միլիոն դրամ: