Foto

Ուտող ուրացողը

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը դասական պոպուիստ է ապացուցման կարիք, բնավ, չունի, քանի որ իշխանթյան զավթումից հետո ապացուցել է բազմիցս։ Իր էժանագին քայլերով ու չտեսությամբ նա վերահաստատում է, որ իր աթոռից բացի աշխարհում ոչ մի այլ բան իրեն չի հետաքրքրում, առավել ևս՝ հայրենիքի պատիվ կամ հանրային շահ ասվածը։ Ավելին, տևական ժամանակ չարչրկելով «դեմոկրատ» լինելու փաստը՝ նա այսօր հայաստանում կիրառում է մաքուր ավտորիտար գործիքակազմ՝ հերթական անգամ փաստելով իր «առանց իզմ» լինելը։

Վերջին չորսուկես տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարությունը ենթարկվել է հետևողական, մեթոդական դեգրադացիայի։ Հեղափոխական, այսինքն մակերեսային ընկալմամբ՝ ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած Փաշինյանը, հաշված տարիների ընթացքում, դարձել է դասական բռնակալ՝ դրան բնորոշ բոլոր հատկանիշներով։ Նախ, նա հատ-հատ իրականացրել է բոլոր այն քայլերը, որոնց համար տասնամյակներ շարունակ քննադատում էր, իր բնորոշմամբ՝ «թալանչի նախկիններին»․ եթե անկեղծ՝ մեծ հաշվով հենց դրա շնորհիվ կարողացավ զավթել իշխանությունը։

Տասնամյակներ շարունակ «պադավատապետությունը» ծաղրած Նիկոլի այսօրվա ծառայողական կորտեժը տասնյակ մեքենաներ են կազմում․ չմոռանանք նաև, որ նրա իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները հաճույքով օգտվում են ծառայողական ոչ էժանագին ավտոմեքենաներից։ Ընդդիմադիր գործունեության օրերին թիկնազորին, իր բառերով ասած՝ «օխրաննիկներին» նվաստացնող Փաշինյանն այսօր շրջում է մի քանի տասնյակ թիկնապահներով, իսկ հարկատուները նրա թիկնազորի համար վճարում են աստղաբաշխական աշխատավարձեր։

Կոռուպցիան ու թալանը քննադատող Փաշինյանի մերձավոր, ու ոչ միայն, շրջապատն այսօր անարգել մսխում է պետական միջոցները, մեկ անձից գնումներն ու միլիոնավոր դոլարների հասնող պետպատվերները դարձել են սովորական երևույթ, իսկ «համակարգային կոռուպցիան» դրոշակ դարձրածներն այսօր վայելում են «համակարգային պարգևավճարները»։ Դաժան է, բայց փաստ երբեմնի օլիգարխները դարձել են «խոշոր գործարարներ» ու տասնյակ-միլիոնավոր դրամների արտոնություններ են ստանում կառավարության որոշմամբ։

Եթե այս ամեն ավելի ընդհանրական ներկայացնենք, ապա Նիկոլն՝ անձամբ, իսկ նրա իշխանությունը՝ հավաքականորեն, այսօր ամբողջությամբ կրում է բոլոր այն հատկանիշները, որոնց հղում կատարելով՝ նույն Նիկոլը տասնամյակներ շարունակ ՀՀ իշխանությունը որակում էր՝ որպես ավտորիտար, բռնատիրական, կոռումպացված, թալանչի և այդպես շարունակ։

Ի դեպ՝ նրա ավտորիտար հակումները դրանով չեն սահմանափակվում։ Փաշինյանը բավական սահուն կերպով իրեն նույնացնում է պետության հետ և պետությունն օգտագործում է սեփական կամայականությունները բավարարելու նպատակով։ Տեսնում ենք, թե ինչպես է արգելում իրեն քննադատող օտարերկրացիների ու սփյուռքահայերի մուտքը Հայաստան, իսկ ՀՀ քաղաքացիություն ունեցող ընդդիմախոսների առաջ փակում է Հայաստանի ելքը։ Չմոռանանք նաև, որ հիշյալ բոլոր այդ որոշումները կայացվում են պետական աշխատասենյակներում, որտեղ կախված են Նիկոլ Փաշինյանի լուսանկարները, որոնց մասին նա ևս քննադական բարբաջանքներ էր հնչեցնում։

Լինելով շարքային խորամանկ ու մանիպուլյատոր, Փաշինյանն ավտորիտար բոլոր այս քայլերն անում է «օրենքի», «իրավականության», «ժողովրդավարության» փաթեթավորումներով, որոնցից հալվում են Հայաստանում գործող արևմտյան դեսպանները և նույնքան հալեցնող զեկուցագրեր են ուղարկում իրենց կառավարություններին: Վերջիններս էլ, կրկին ցույց տալով, թե հալվում են «հայկական ժողովրդավարության նվաճումներից», դեմոկրատական թփթփոցներ են հասցնում Նիկոլ Փաշինյանի ուսին ու հորթի ժպիտներ հղում իրենց մայրաքաղաքներից։

Իրականությունից կտրված և սեփական ակունքները մոռացած Փաշինյանին թվում է, թե ինքն ամենաժողովրդավարն է ողջ տարածաշրջանում, չգիտակցելով, որ նման ձեռքսեղմումների և գրկախառնությունների նպատակը ոչ թե իր դեմոկրատական արժանիքների գնահատանքն է, այլ շոյողների աշխարհաքաղաքական շահերը։ Բայց բոլորս գիտենք, որ նրանց համար միևնույն է անձի դեմոկրատիզացիայի մակարդակը, որովհետև նրանք սովոր են սղմել մաքուր բռնապետական բազուկներ, քանի որ վերջիններս բավարարում են իրենց երկրների գեոպոլիտիկ շահը։ Ահա հենց այս բանաձևմամբ էլ Նիկոլ Փաշինյանը զարգացնում է հայկական ավտորիտարիզմը՝ ի հաշիվ ՀՀ շահերի և ի հաշիվ իրական ժողովրդավարության։

Արմեն Հովասափյան