Քաղաքային տրանսպորտի հարցը նոր ավտոբուսների գալով չի լուծվել, որովհետեւ ավտոբուսների այդ չափաքանակի գալով չէր կարող լուծվել խնդիրը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Փուլային ռեֆորմը մեզ կանգնեցրել է մի իրավիճակի առաջ, որ մենք ունենք ավտոբուսների մի փոքր քանակ, որ շահագործվում են, բոլոր նախկին գազելներն արդեն շարքից դուրս են եկել ու դուրս են եկել բոլոր գծերից։ Այո, տրանսպորտի վիճակը լավ չի: Մինչև տարվա վերջ կամ հունվարին մենք սպասում ենք 150 նոր ավտոբուսների, հաջորդ տարի 80 հատ նոր 12 մետրանոց «ՄԱՆ» ավտոբուսների ենք սպասում: Բայց դրանց գալով չենք կարող ասել, որ տրանսպորտային ռեֆորմը ավարտին է հասցված»,- ասաց փոխքաղաքապետ: Նա հավելեց, որ դեռ միասնական տոմսային համակարգ պետք է ներդնեն:
Ինչ վերաբերում է մետրոյի նոր կայարանի կառուցման աշխատանքների ընթացքին, Ավինյանը ասաց, որ այս մասով աշխատանքներ են տարվում։
«Այն ժամկետները, որոնք նախանշել եմ, չեն խախտվել, աշխատանքները տարվուևմ են: Մենք արդեն իսկ ընդունել ենք փաստաթղթերը, այդ փաստաթղթերի ստորագրումից հետո ստանալու ենք երկրորդ փուլը: Հաջորդ տարի ունենալու ենք Աջափնյակի մետրոյի նախագիծ և վստահաբար Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է»,- ասաց Ավինյանը։