Foto

«Պադավատապետության» առօրյան

Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը «պուպուշ» ընդդիմադիր պատգամավոր էր, ժողովրդի աչքին «ուժեղ տիպ» երևալու համար, պարբերաբար տիրաժավորում էր «ֆիրմա» թեզեր և փորձում հանրային լայն շրջանակների աչքին բարձրանալ։ Նա այն ժամանակ հայտարարում էր, թե Հայաստանում պետք է ընդամենը 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի` հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաներին սպասարկելու համար։ Օրերս կառավարության հերթական նիստում հայտնի դարձավ, որ փաշինյանական իշխանությունը նախատեսում է պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների պարկը թարմացնելու համար միանգամից 200 էլեկտրամոբիլ ձեռք բերել։ Սա իրականությունից կտրված լինելու դասական օրինակ է։

Ինչպես և սպասվում էր՝ անցած 4-4,5 տարում Փաշինյանի ինչպես բազմաթիվ այլ հայտարարություններ, այս մեկը ևս՝ չիրականացավ։ Գաղտնիք չէ, որ ներկայումս Հայաստանում ծառայողական մեքենաների պակաս չկա։ Դրանք առնվազն մի քանի տասնյակ անգամ ավելի շատ են, քան, Փաշինյանի ասելով, պիտի լինեին, ավելին, նրա իշխանության գալուց հետո այս առումով ոչինչ չի փոխվել։ Եթե ավելի անկեղ՝ առանձին տարիներին, այսպես կոչված, «պադավատների» թիվը նույնիսկ ավելացել է։ Նիկոլի իշխանության զավթումից հետո նրա իշխանության ներկայացուցիչները երբեք չեն վարանել նոր ու թանկարժեք մեքենաներ գնելուց։ Ի դեպ՝ դրա փաստի հիմքերը դրեց նույն Նիկոլը՝ վարչապետի աթոռը զավթելուց հետո իրեն սպասարկելու համար միանգամից 2 թանկարժեք զրահապատ մեքենա գնելով (նշենք, որ այդ մեքենաները պետության վրա նստեց  500-600 հազար դոլար)։

Դատելով հերթական անիմաստ ձեռքբերման վերաբերյալ կառավարության վերջերս ընդունած որոշումից՝ այսուհետ ևս նրանք չեն պատրաստվում հրաժարվել իրենց ճոխություններից, թեև կան շատ ավելի առաջնային խնդիրներ՝ հատկապես անվտանգության ու սոցիալական ոլորտներում։ Ինչպես հայտնի է՝ պատերազմից հետո էապես թուլացել են երկրի ռազմական կարողությունները, ու դրանց համալրման, երկրի պաշտպանության մակարդակի բարձրացման լուրջ կարիք կա, իսկ իշխանությունները մտածում են իրենց «պադավատները» թարմացնելու մասին։ Տվյալ դեպքում անգամ անիմաստ եմ համարում խոսել երկրում տիրող սոցիալական բարդագույն իրավիճակի մասին, մի երկրում, որտեղ աղքատությունը երկրում ռեկորդային աստիճանի է հասել։

Երկրի անվտանգության մակարդակի բարձրացման ու մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու մասին մտածելու փոխարեն, իշխանականները ծառայողական նոր մեքենաներով են որոշել «ինքնապարգևատրվել»։ Անկասկած՝ այդ գումարները կվերցնեն պետբյուջեից (ըստ էության՝ պետական ծախսերը կատարելու այլ ֆինանսական աղբյուրներ չկան)։

Արմեն Հովասափյան