Foto

ԻՀՊԿ հրետանային և հրթիռային ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Իրաքի Քուրդիստանում տեղակայված ահաբեկիչների դիրքերի դեմ

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) վերսկսել է հրետանային եւ հրթիռային հարվածներն Իրաքի հյուսիսում այն կազմավորումների դիրքերին, որոնք Թեհրանը համարում է ահաբեկչական: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է IRNA գոծակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 14-ին ԻՀՊԶ-ի ցամաքային զորքերն անօդաչուների եւ հրթիռների կիրառմամբ հարվածներ են հասցրել ահաբեկչական խմբավորումների կենտրոնակայանին արաբական հանրապետության հյուսիսում: Ավելի վաղ իրանական Shafaq News նորությունների պորտալը հաղորդել է, որ Իրանի զինված ուժերը երեք անօդաչուների միջոցով հարվածել են «Քոմալա» կուսակցության (Իրանում ճանաչված Է ահաբեկչական) կենտրոնակայանին Սուլեյմանիայի նահանգում (մտնում է Քրդական Ինքնավարության կազմի մեջ):

Միաժամանակ իրանցի զինվորականները երեք հրթիռ են արձակել Իսլամական Հանրապետությունում արգելված Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանի վրա Էրբիլի նահանգում: Ինքնավարության իշխանությունների տվյալներով՝ հրթիռակոծման հետեւանքով Էրբիլում զոհվել է առնվազն մեկ մարդ, եւս ութը՝ վիրավորվել:

Սեպտեմբերի 24-ին ԻՀՊԶ-ն սկսել Է հարվածներ հասցնել Իրաքում բազավորված կազմավորումներին: Ինչպես նշել Է IRNA գործակալությունը, գործողությունների առիթ են դարձել այդ ուժերի փորձերն ապակայունացնելու իրադրությունն Իսլամական Հանրապետությունում: Հոկտեմբերի 8-ին ԻՀՊԶ-ի ցամաքային ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ կվերսկսի հարվածներն Իրաքյան Քրդստանում անջատականների ռազմակայաններին նրանց նոր արտագրոհների դեպքում, ինչպես նաեւ Բաղդադից պահանջել Է «վերջ դնել հակաիրանական խմբավորումների վայրագություններին»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ parstoday.com