Foto

Արցախից «ձեռքերը լվալու» թատերախաղը

Նիկոլ Փաշինյանն, իր ուրբաթօրյա մենախոսությամբ, փչացրեց հանգստյան օրերը՝ հերթական անգամ մանիպուլյացիաների և արհեստական օրակարգեր բերելու իր մաստեր-կլասով։ Փաշինյանի կողմից տիրաժավորված արհեստական ու մտացածին, հայկական շահերի հետ ոչ մի աղերս չունեցող պնդումներին անդրադարձան հանրային լայն շրջանակներ ու հերթական անգամ քաղաքականապես բավական լուրջ «փչացրեցին» նրան։  Փորձենք մի քանի դրվագով անդրադառնալ որոշ դետալների։

Հատկանշական է, որ Փաշինյանի նախօրեի հարցազրույցը արտաքին քաղաքական վերլուծության բավականին ծավալուն նյութ էր պարունակում։ Ինչպես հետպատերազմյան Հայաստանում գրեթե միշտ, այս անգամ ևս Նիկոլն Արցախի կարգավիճակի մասին կրկին խոսեց ոչ թե ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի, այլ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ ևս մեկ անգամ թելելով Ադրբեջանի ասեղը։ Իր խոսքում նա հստակ ասաց՝ եթե ուզում ենք աղետների առաջ չկանգնեցնել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, ապա այդ վետոյով միայնակ ամբողջ աշխարհի դեմ չպետք է կռիվ տալ, որովհետև չենք կարող: Ավելի պարզ՝ նա ուղղակի հայտարարեց, որ ինքն ի վիճակի չէ պահել Արցախը և Արցախի հետ կապված ցանկացած թեմա այլևս իր համար փակ է։

Ավելին, շարունակելով թեման՝ Փաշինյանն ասաց, թե 1996 թվականին ամբողջ միջազգային հանրությունն արձանագրել է, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Գուցե խնդիրը նրա մեջ է, որ մենք իրականությունը հարաբերության հետ ճիշտ չենք կառուցում։ ՀՀ-ն էլ է ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»,- ընդգծել էր նա:

Ըստ էության՝ Փաշինյանն իր խոսքում անուղղակի հասկացրեց, որ առաջիկա, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրում» Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չի լինի, ինչը կանխատեսելի էր և երկար ժամանակ քննարկվում էր։ Ներկայումս, ինչպես ցույց են տալիս դեպքերի զարգացումները, փորձ է արվում տարանջատում մտցնել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ու Ղարաբաղյան հարցի միջև, ինչը նոր երևույթ չէ, այլ ուղեկցում է այս հակամարտությանը պատերազմին հաջորդած երկու տարիների ընթացքում։ Միայն այսօր են ՀՀ հակահայ իշխանությունները բաց տեքստով խոսել այդ մասին։ Չպետք է մոռանանք, որ անկախ ամեն ինչից գործընթացն աշխարհաքաղաքական բնույթ ունի, և աշխարհաքաղաքական դերակատարների ազդեցությունը մեծ է, ինչպես երբևէ։

Հավանաբար այս գործընթացներին հետևող յուրաքնաչյուր ոք կհիշի, որ Արցախ-Ադրբեջան բանակցությունների մասին խոսակցություններն առաջին անգամ շրջանառվեցին ամերիկյան հանդիպումներից հետո, և չի բացառվում՝ այս ուղղությունը զարգանա, միջազգային ներկայությամբ ընթանա: Հատկապես, ազդեցության համար, դա պետք կգա ԱՄՆ-ին և Արևմուտքին։ Կա նաև նշված մոտեցման զուգահեռ իրականությունը․ այսօր Արցախում են ռուս խաղաղապահները, և դա անվտանգության զգացում է տալիս այնտեղ բնակվող մարդկանց, ուստի սա նաև ամրապնդում է ՌԴ հնարավոր դիրքերը ապագա ցանկացած ձևաչափի բանակցություններում։

Չի կարելի բացառել, որ ինչ-որ մի փուլում ԵԱՀԿ ՄԽ-ն վերականգնվի, կամ այլ ձևաչափով քննարկվի այս հարցը։ Այսինքն, նման սուր մրցակցության փուլում, հարցը թողնվում է միջազգային հանրությանը, և այս իրավիճակում բարդ է ասել, թե միջազգային հանրությունն այդ հարցն ինչպես կօգտագործի հանուն Հարավային Կովկասում իր շահերի։ Տվյալ դեպքում խոսքը գլխավորապես ԱՄՆ-ին է վերաբերվում։ Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունն իրեն վաղուց արդեն դուրս է դրել Ղարաբաղյան գործընթացից, պարզապես այս մասին անընդհատ հրապարակային խոսքն ուղղված է հայ հանրությանը, այլ ոչ թե միջազգայինին, քանի որ այնտեղ, կարծես, բոլորն ամեն բան հասկանում են։

Ի դեպ՝ այստեղ շատ կարևոր է անել նաև մի կարևոր արձանագրում․ բանն այն է, որ ԱՄՆ-ը մտադիր է նաև ազդեցություն ունենալ հայ-թուրքական գործընթացի վրա, որը տեղում դոփում է, քանի որ Ադրբեջանը «թույլ չի տալիս», քանի դեռ իր բոլոր հարցերը չեն լուծվել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ՌԴ-ն շարունակելու է իր հեռադիր պահվածքը, որում կան նոր լուծումներ, նոր դիրքավորումներ գտնելու բաղադրիչներ՝ այս անցումային փուլի համար նախատեսված։ Այս ամենը շատ ցայտուն նկատվեց Սոչիի բանակցություններից հետո Պուտինի մամուլի ասուլիսում (չի բացառվում, որ իրավիճակ փոխվի, կամ ՌԴ-ն այլ առաջարկներ ներկայացնի)։ Կհեռանա՞ն խաղաղապահները, թե՞ նրանց մանդատը երկարաձգվի, կախված է բազմաթիվ հանգամանքներից ու աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնց ականատես կլինենք առաջիկայում։

Արմեն Հովասափյան