Foto

ՀՀ–ն նվիրված է խաղաղության օրակարգին. Ալեն Սիմոնյան

Հայաստանն իրապես և անկեղծ նվիրված է խաղաղության օրակարգին։ Այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի երիտասարդ պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նա անդրադարձել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի նոր փուլին։

«Մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին, որը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացման ու համակեցության երաշխիքն է»,– ասել է նա։

Խոսելով քաղաքական դաշտում երիտասարդների ներգրավվածությունից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Միջխորհրդարանական միության 30 տարեկանից ցածր խորհրդարանականների սանդղակում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը որպես ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու հարթակ:

ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է երիտասարդ խորհրդարանականների հարցերին, որոնք վերաբերել են խոսքի ազատության ամրապնդմանը, անվտանգային խնդիրների լուծմանը և ժողովրդավարական օրակարգի կետերին: