Foto

Սիսիանում նոր ընտրություններ կլինեն. «աթոռակռիվը» ՔՊ-ի ներսում թեժացել է

Սիսիանում եկող տարվա մարտի 26-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Ինչպես գիտենք, երկու ամիս առաջ կայացած ընտրությունների արդյունքում ավագանի մտած բոլոր ընդդիմադիր ուժերի անդամներն ինքնաբացարկի դիմումներ են գրել, իսկ ՔՊ-ն եւ Արման Բաբաջանյանի կուսակցության ավագանու 2 անդամները չեն կարող քվորում ապահովել, եւ, ըստ օրենքի, ավագանու լուծարումից երեք ամիս հետո նոր ընտրություններ պիտի կայանան:

Այս ընթացքում շատ է խոսվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունները համայնքապետի իրենց ԺՊ Արմեն Հակոբջանյանից բավական մեծ են և վերջինս մարտին այլ թեկնածու է ցանկանում տեսնել: Այս խոսակցությունները լուրջ աժիոտաժի հիմք են դարձել և այժմ ՔՊ-ում իսկական աթոռակռիվ է: Բանն այն է, որ Սիսիանցի ՔՊ-ական ակտիվիստ Արսեն Ավագյանը, ով եկեղեցու դեմ արշավի նախաձեռնողներից էր, բավարարված չէ իր կարգավիճակով՝ նրան ընդամենը քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ինչ-որ աշխատանք են տվել։

Էլի դժգոհ մարդիկ կան Սիսիանի իշխանամետների շրջանում, որոնք պայքար են սկսել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի դեմ: Վերջինիս աջակցում է նախկին ԲՀԿ-ական, սակայն հետո ՔՊ-ին հարած Կարեն Համբարձումյանը, ով նաեւ բարեկամական կապ ունի քաղաքապետի ԺՊ-ի հետ: Քաղաքապետի ԺՊ-ն եւս նախկին ԲՀԿ-ական է, եւ նաեւ դա է դարձել խոսակցությունների հիմնական առիթը։

Ընդհանրապես, Սիսիանում հիմնական հարցերը որոշողը, ըստ էության, հենց Կարեն Համբարձումյանն է, և հենց նա է լինելու  Հակոբջանյանի գլխավոր հենարանը՝ փորձելով հասնել վերջինիս թեկնածության առաջադրմանը:  Մյուս թեւը համակարգում է Ներսես Խաչատրյանը,  վերը նշված Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մամուլը գրել էր, որ այս երկու թևերի միջև հակամարտությունը բավական թեժ ընթացք է ստացել:  Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: 

Համբարձումյանի ազգականներն էլ իրենց Սիսիանում վատ չեն զգում։ «Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն,  Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն ամիսներ առաջ վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաեւ զոհվածների հարազատներին։ Իհարկե, մնալով անպատիժ:

Թե ինչ հանգուցալուծում կունենա Սիսիանում ՔՊ ներքին պատերազմը՝ ցույց կտա ժամանակը, մի բան ակնհայտ է՝ այս իրավիճակից կարող են օգտվել ընդդիմադիր ուժերը, եթե, իհարկե, վերջիններս նույնպես չնախընտրեն աթոռակռիվը և ներքին գզվրտոցը: