Foto

Հանրությանն արժանի թալանչի իշխանությունը

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ խորհրդարանում  ընթանում է 2023թ. պետբյուջեի նախագիծի քննարկումը։ ԻՆչպես և սպասվում էր՝ քննարկումները հիմնականում անցնում են ծույլ, անդեմ մթնոլորտում։ Քննարկումներին մասնակցում են բացառապես իշխանական խմբակցության ներկայացուցիչները: Աիմաստ և անբովանդակ քննարկումների մասին պատմող լրահոսը, սակայն, բավական աշխույժ է այսինչ նախարարության ծախսերն ավելացել են այսքան միլիոն դրամով, այնինչ գերատեսչության ֆինանսավորումը բարձրացվել է այսքան տասնյակ միլիոնով, ուժային այսինչ կառույցի պարգևավճարները կազմելու են այսքան հարյուր միլիոն դրամ և այլն:

Եթե ներկայանցենք ավելի պարզ. իշխանությունն, առանց որևէ ձևականության, իր քիմքին հաճո ծախսում է հանրային միջոցները՝ պետական կառավարման համակարգի ֆինանսավորումն ավելացնելով այդ նույն հանրության եկամուտների աճի հետ աղերս չունեցող չափերով։ Այստեղ խնդիրն այն չէ, որ պետական համակարգի ֆինանսավորումը չպետք է ավելանա, ինչպես ցանկացած օրգանիզմ, այն ևս դինամիկ համակարգ է և պահանջում է միջոցներ։ Հարցը, սակայն, միանգամայն այլ հարթությունում է, մասնավորապես, թե ինչի՞ կամ ի՞նչ որակի ծառայությունների համար է հասարակությունը լռելյայն համաձայնում հսկայական միջոցներ հատկացնել պետական կառավարման համակարգին։ Ի դեպ՝ կառավարման համակարգի աշխատանքի որակի մասին ցանկացած խոսակցություն առնվազն ծիծաղելի է։

ՀՀ պետական կառավարման համակարգն աշխատում է առավելապես իներցիոն ռեժիմով, անիմաստ բյուրոկրատիայի պայմաններում՝ որպես հիմնական նպատակ հետապնդելով ոչ թե հանրությանը, այլ զուտ իշխանությանը ծառայություն մատուցելը, որը և անում է։ Ոստիկանությունն ու ուժային մյուս մարմինները Նիկոլ Փաշինյանի ու մնացյալ պաշտոնյաների անվտանգությունն ապահովում են գերգերագույն ռեժիմով, կարմիր բերետավորները <<սամասուդ>> են անում իշխանությանը ոչ հաճո ցանկացած մեկին, դատախազական համակարգը դարձել է Փաշինյանի անձնական օգտագործման գրասենյակը, նրանից հետ չի մնում դատական իշխանությունը։ Ակնհայտ է, որ ՀՀ-ում իշխանության բոլոր թևերն ու մարմինները ծառայում են Նիկոլին պալատական ներքինիի նախանձախնդրությամբ։ Բայց այդ ծառայությունների համար, սովորության համաձայն, վճարում է ոչ թե անձամբ Փաշինյանը, այլ քաղաքացին, հանրությունը՝ պետական բյուջետային միջոցներից։

Հատկանշական է այն, որ սա նույն հանրությունն է, որի համար «թալան», «կոռուպցիա» արտահայտությունները հոգեներգործուն ազդեցություն ունեն, երբ այդ մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը։ Չմոռանանք, սակայն, որ այդ նույն հանրությունն այսօր լուռ ու անտրտունջ հետևում է իր իսկ միջոցների բացահայտ թալանին, պետության թալանին, որը ձևակերպվում է «բյուջետային ծախսերի դասակարգչի ենթակետի հավելվածի աղյուսակի» անհասկանալի ձևակերպումներով։ Դրանից խնդրի էությունը փաստացի  չի փոխվում։

Անհերքելի է և գրեթե ապացուցման կարիք չունի, որ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն թալանում է հասարակությանը՝ իր իշխանությունը պահպանելու ու այն պետական կառավարման համակարգին վճարելու համար, որի արձանագրած  ամենաշոշափելի արդյունքն Արցախի մեծ մասի հանձնումն է ու հազարավոր անմեղ զոհերը։ Ավելին, այդ թալանը տեղի է ունենում ուղիղ եթերում, օրը ցերեկով խորհրդարանի շենքում՝ հասարակության կատարյալ անտարբերության պայմաններում։

Ըստ էության՝ իշխանությունը, Փաշինյանի գլխավորությամբ, հասարակությանը չի մատուցում իր սահմանադրական առաջնային պարտավորությունից բխող ծառայությունը՝ անվտանգության ապահովումը։ Որպես կանոն, նորմալ պետությունում ոչ թե հասարակությունը պետք է վճարի նման իշխանությանը, այլ հակառակը՝ իշխանությունը պետք է փոխհատուցի հանրությանը՝ իրեն պատվիրակված ծառայության մատուցումը կատարելապես տապալելու համար։ Տվյալ դեպքում, այսպես կոչված, վճարումը, կրկին նորմալ երկրներում, կատարվում է ոչ թե փողով, այլ իշխանությունից հեռանալով։

Ամփոփելով՝ կարող ենք փաստել, որ Հայաստանի ու նորմալ երկրների տարբերությունը, ի թիվս այլնի, արտահայտվում է այս ցցուն հակասականությամբ հասարակությունը վճարում է նրան, ով պարտք է իրեն։ Տեղի ունեցածի  մեջ ողջ ողբերգականն այն է, որ սա նույն հասարակությունն է, որի անդամների զգալի մասն իրեն 1000 դրամով խաբողին պատրաստ է ենթարկել լինչի դատաստանի, բայց անհաղորդ է, երբ խաբեության ծավալները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։ Ստացվում է, որ այդ ամենը մասշտաբի խնդիր է։

Արմեն Հովասափյան