Նոյեմբերի 7-ին Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման «քավորը» Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր։ Հիշեցենք, որ սա պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ նման ձևաչափով երկրորդ հանդիպումն էր ՄԱԿ ԳԱ-ի շրջանակում կազմակերպված հանդիպումից հետո: Այն հանդիպմանը հաջորդեց նմանատիպ ձևաչափով ռուսական նախաձեռնությունը՝ հոկտեմբերի 14-ին Աստանայում տեղի ունեցավ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Բայրամովի հանդիպումը։ Այս ընթացքում Սպիտակ տանը եղել էր ևս մեկ կարևոր հանդիպում․ սեպտեմբերի 27-ին Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հանդիպել էին Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 4-ին, Ադրբեջանը Հայաստանին էր հանձնել սեպտեմբերի 13-ից հետո հայ-ադրբեջանական սահմանային արյունալի բախումներից հետո գերեվարված 17 անձանց։ Այս առիթով ԱԽՔ Գրիգորյանը գրել էր, որ 17 հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան, սեպտեմբերի 27-ին Սալիվանի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման պայմանավորվածության արդյունք է։
Ըստ էության՝ հանդիպումը
դրական հակամարտող կողմերի միջև, շփման տեսանկյունից, քանի որ ամեն դեպքում կողմերը
հանդիպել են ու թեև փաստացի հանդիպմանը որևէ արդյունք չի գրանցվել, միայն արձանագրվել
է, որ կան չլուծված խնդիրներ՝ կողմերը դրանք պետք է սկսեն ավելի ակտիվ բանակցել:
Նկատելի է նաև այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարությունների տարածած հայտարարությունները եռակողմ հանդիպման մասին նույնական էին, այսինքն՝ լիովին համաձայնեցված ամերիկյան կողմի ներկայությամբ: Կարևոր արդյունքը պայմանավորվածությունն էր հերթական հանդիպումն անցկացնել, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում, որովհետև կողմերը քննարկում են կարգավորման եվրոպական տարբերակը: Վստահաբար Վաշինգտոնում քննարկել են հենց այդ համաձայնագրում տեղ գտնելիք հարցերը: Շատ կարևոր է հստակեցնել, թե ի՞նչ հարցերի մասին է խոսքը, կրկին գործընթացը և դրա բովանդակությունը բավականին փակ է հանրությունից, որը բարդացնում է դատողություններ անելը:
Մյուս կողմից՝ շատ կարևոր է նշել, որ պաշտոնապես նմանատիպ արդյունքով հանդիպումն ամենևին չի նշանակում, որ արդյունքներ չեն եղել, պարզապես նման բարդ դիվանագիտական գործընթացներում նորությունների մասին կողմերը համաձայնեցված կարգով հայտնում են մի քանի քայլով առաջ գնալու դեպքում, և այս դեպքում չափազանց բարդ է ասել, թե կողմերը ուր են հասել: Կասկածից վեր է, որ հայ-ադրբեջանական սահմանի սեպտեմբերյան բախումները հավելյալ բարդություններ են ստեղծել, դանդաղեցրել գործընթացը, աշխարհաքաղաքական նոր խաղացողներ մտցրել գործընթաց: Սա ինքնին ենթադրում է նոր իրավիճակ․ ի դեպ՝ չի բացառվում գործընթացների երկարաձգում։
Եթե փորձենք էլ ավելի
ուշադիր և խորամուխ լինել, ապա սեպտեմբերյան իրադարձությունների ֆոնին
Բլինքենի խոսքում կարելի է ուղերձ նկատել՝ ուղղված Ադրբեջանին՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության
խախտման անթույլատրելիության մասին, որը, թերևս, այս հանդիպման ամենաուշագրավ դրվագն
է:
Միանշանակ է, որ՝ չնայած
այն հանգամանքին, որ պաշտոնական հայտարարություններից քիչ է նկատվում, սակայն Հարավային
Կովկասում բանակցությունների միջնորդի դերի շուրջ մեծ մրցակցություն է ծավալվել: Ըստ
էությքն՝ ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է խթանել երկկողմ բանակցությունները, որպեսզի Ռուսաստանը,
որպես մշտական միջնորդ, դուրս գա Հայաստանի ու Ադրբեջանի արանքից: Եթե կողմերն իրար
հետ երկխոսեն ու համաձայնությունների գան՝ առանց Արևմուտքին անհանգստացնելու, այդ դեպքում,
բնականաբար, Ռուսաստանի ներկայության հարցն ինքնըստինքյան կլուծվի:
Ընդհանուր այս դասավորության մեջ շատ կարևոր է ընդգծել նաև, որ Արևմուտքում չկան վերը նշվածի մասով պատրանքներ: Երբ հարցը հասնում է
նրան, որ կողմերն իրենք բանակցեն առանց միջնորդների, գործընթացում էլ ավելի մեծ բարդություններ
են ի հայտ գալիս, հատկապես, երբ Ադրբեջանն ուժի լեզուն է անընդհատ փորձում գործի դնել:
Վստահաբար կարող ենք փաստել, որ վաշինգտոնյան հանդիպումը ո՛չ վերջին, ո՛չ նախավերջին հանդիպումներից էր:
Արմեն Հովասափյան









