Ռուսաստանում արդեն բացահայտ են խոսում այն մասին, որ այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ռուս–ուկրաինական պատերազմ չէ, այլ պատերազմ է Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև, իսկ այդ պատերազմը ծավալվում է շատ ավելի մեծ տարածքի վրա՝ Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա և Անդրկովկաս։ Սա չափազանց կարևոր արձանագրում է իրավիճակի որոշակիացման համատեքստում, որովհետև Կենտրոնական Ասիայում և Անդրկովկասում իրավիճակի պարբերաբար ապակայունացումը պայքարի նույն բովանդակությունն է պարունակում, ինչ «Հյուսիսային հոսք» գազատարերի պայթեցումն և Սևովյան ռուսական ռազմաբազայի վրա վերջերս կատարված հարձակումը, որի մեջ Ռուսաստանը ուղիղ մեղադրում է ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ ԵՄ–ին, ո՛չ Ուկրաինային, այլ հենց Մեծ Բրիտանիային։
Ինչու՞ է պայքարն ընթանում Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի միջև։ Բանն այն է, որ Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան գրեթե միաժամանակ(Ռուսաստանը 2014–ին ԵԱՏՄ–ով, Մեծ Բրիտանիան՝ 2016–ին՝ Բրեքզիտով) առաջ քաշեցին աշխարհի մակրոռեգիոնալիզացիայի իրենց նախագծերը, որոնք կոշտ հակադրություն և մրցակցություն առաջ բերեցին վերը նշված աշխարհագրական տարածության վրա, բայց նախ և առաջ՝ կենտրոնական Ասիայում և Կովկասում։ Մեծ Բրիտանիան շահագրգռված է ուկրաինական ռազմաճակատում էսկալացիայի շարունակական խորացմամբ հիմնականում այն պատճառով, որպեսզի Կենտրոնական Ասիայում և Կովկասում գործելու առավել բարենպաստ պայմաններ ստանա։ Հիշեք պարզապես Արմեն Սարգսյանի Հայաստանի նախագահ դառնալը, Ռուսաստանի կողմից ամենատարական ընդունելության չարժանանալը, Ղազախստանի դենազարբաևիզցիան։ Բազմիցս եմ խոսել այն մասին, որ 2020 թ ամռանը ծավալված բելոռուսական իրադարձությունները, աշնանը տեղի ունեցած 44–օրյա պատերազմը և հաջորդող ռազմական սրցումները, 2022 Ղազախստանի հունվարյան իրադարձությունները, ուկրաինական էսկալացիան բրիտանական նախագծի շղթայի բաղադրիչներ են։
Մեղադրելով Բրիտանիային «Հյուսիսային հոսք» գազատարերի պայթեցման և Սևովյան ռուսական ռազմաբազայի վրա հարձակում իրականացնելու մեջ Ռուսաստանում երկու կարևոր հանգամանք արձանագրեցին․
1. Հակառակորդ է ոչ թե Արևմուտքը, այլ կոնկրետ Մեծ Բրիտանիան։ Սա նշանակում է, որ ԱՄՆ–ի և եվրոպական առանձին երկրների էլիտաների հետ (ոչ ԵՄ–ի, որն ըստ էության անկենդան կառույց է) կա՛մ կա ներքին փոխըմբռնում, կա՛մ կա համոզմունք, որ նման փոխըմբռնում ձևավորելը գործնականում հավանական է։
2. Ընդունում են Մեծ Բրիտանիայի մարտահրավերը և պատրաստ են կոշտ մրցակցության թե՛ Կենտրոնական Ասիայում, թե՛ Կովկասում։
Պուտինը այս առումով շատ հետաքրքիր կոմբինացիա խաղարկեց։ Լավ հասկանալով Կովկասում բրիտանական շահերի կենսագործման հարցում Թուրքիայի դերակատարությունը և նաև իրական ժամանակում Մեծ Բրիտանիայի փաստացի վիճակը, նախ արհեստականորեն ստեղծեց «հացահատիկային գործարքից» դուրս գալու աղմուկը, ապա Թուրքիային հացահատիկային գործարքի դիմաց հեռացրեց կովկասյան գործերից։ Սոչիում կազմակերպված եռակող հանդիպումը նպատակ ուներ պարզապես վերահաստատելու հակամարտության գործում իր միակ միջնորդը լինելու հավակնությունը։ Պահը ընտրված էր մեծ ճշգրտությամբ․ Բրիտանիայում թագուհու մահը, նոր թագավորի ակնհայտ անգործունակ լինելու հանգամանքը, վարչապետերի հերթափոխն ու կառավարական ճգնաժամը, Թուրքիայի տնտեական դժվարություններն ու հացահատիկային գործարքից ակնկալվող եկամտաբերության հանգամանքը վերջինիս համար։