Foto

Ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել հարցերի լուծման ճանապարհ, հուսով եմ՝ այս ուղերձը Ադրբեջանում կհասկանան. Միրզոյան

2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մեկ լավ  ու մեկ վատ արձանագրում արեց:

«Վատն այն է, որ բոլոր ուղղություններով, որոնց շուրջ բանակցում ենք Ադրբեջանի հետ, ըստ էության, հանդիպում ենք  Ադրբեջանի մաքսիմալիստական, առավելապաշտական  դիրքորոշումներին: Իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական  հաջողություններ է ունեցել, այժմ կարող է ինչ-որ պայմաններ թելադրել։ Սա, իհարկե, իրականություն չի կարող լինել ու երկարատև, կայուն ու համապարփակ խաղաղության այս ճանապարհով հնարավոր չէ հասնել», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նշեց, թե եթե Ադրբեջանն իսկապես շահագրգռված է ունենալ  կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա պետք է որոշ հարցերում արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն  կարող լինել:

Լավ նորությունն էլ, ըստ Միրզոյանի, այն է, որ բոլոր խնդիրները, որ կան Ադրեջանի հետ հարաբերություններում, ամբողջ փաթեթի նկատմամբ կա միջազգային հանրության հստակ ուշադրություն:

«Այս ուշադրությունը գնալով ավելի մեծանում է, հատկապես, սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո, կարծում եմ, միջազգային հանրությունը շատ հստակ ուղերձ հղեց  Ադրբեջանին այն մասին, որ ուժի կիրառման սպառնալիքը չի կարող լինել  հարցերի լուծման ճանապարհ։ Հուսով եմ՝ այս ուղերձը Ադրբեջանում կհասկանան», - ընդգծեց Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ կան գծեր, որոնք չպետք է հատվեն. «Սա է միջազգային հանրության ուղերձը»: