Foto

Իրանի տարածաշրջանային տեսլականը

Իրանի տարածաշրջանային տեսլականը

Հայ-ադրբեջանական հարաբերություններին զուգահեռ առանցքային վերադասավորումներ են տեղի ունենում հարավկովկասյան տարածաշրջանում։ Որոշակիանում է նաև, այն հանգամանքը, որ, ըստ էության, աշխարհաքաղաքական բևեռներն ու գեոպոլիտիկ կենտրոնները լրջորեն վերանայում են տարածաշրջանի հետ կապված սեփական մոտեցումները։  Ահա այս ֆոնին Սոչիի եռակողմ բանակցություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կարճատև աշխատանքային այց կատարեց Իրան:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ բանակցություններից առաջ Գնել Սանոսյանը և Իրանի նավթի փոխնախարար, Գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին Բնական գազի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

Իր խոսքում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը շատ մեծ կարևորություն ունի Իրանի համար: Փաշինյանի հետ ունեցած բանակցություններում եկանք եզրակացության, որ տարածաշրջանի հարցերը, խնդիրները պետք է անպայման տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով լուծումներ գտնեն: Օտար ուժերի ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծում, այլ խնդիրներն ավելացնում է: Տարածաշրջանի համագործակցությունն է, որ երաշխավորելու է երկրների միջև ամբողջական և հարատև խաղաղություն»: Իր հերթին՝ Փաշինյանը մասնավորապես ասել է. «Մենք ընդգծում և գնահատում ենք Իրանի սկզբունքային դիրքորոշումները տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առումով: Կարևոր ենք համարում՝ իրանցի մեր գործընկերները տեղեկացված լինեն, թե ինչ է տեղի ունենում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, Լեռնային Ղաևաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում»:

Ըստ էության՝ հայ-իրանական հարաբերություններում վերջին ամիսների բոլոր զարգացումները տեղի են ունենում անսպասելի՝ իրավիճակի ազդեցության ներքո։ Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 20-ին ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի այցն էր Հայաստան, որի շրջանակում հաջորդ օրը Կապանում բացվեց վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվորեն քննարկվող և սպասվող Իրանի գլխավոր հյուպատոսարանը: Վստահաբար կարող ենք փաստել, որ Սոչիից հետո անմիջապես կարճատև այցն Իրան ևս պատահական չէ և ամենայն հավանականությամբ կապ ունի այն ինտենսիվ աշխարհաքաղաքական զարգացումների հետ, որոնք ծավալվում են ՀՀ շուրջ:

Ընդհանուր այս գործընթացների ֆոնին կարող ենք փաստել, որ հայ-իրանական հարաբերություններից սկսվել է որոշակի դաշնակցության «հոտ» գալ։ Ակնհայտ է, որ պատերազմից հետո փոխվել է ողջ Հարավային Կովկասը, և Իրանի համար սպառնալիքների դաշտն ընդլայնվել է, այս ճանապարհին Հայաստանի նշանակությունն ու ՀՀ անվտանգության կարևորությունն էապես բարձրացել է Իրանի համար:

Ստեղծված իրավիճակում առկա հարցերը դրվում են այնպես, որ ՀՀ անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Այսօր ունենք մի իրավիճակ, երբ բացահայտ կերպով իրանական քաղաքականությունը՝ փափուկ ու կոշտ ուժը, ներթափանցել են Հվ Կովկաս, ու Իրանի հետ հաշվի չնստել ևս չի հաջողվի: ր Սոչիում կայացած բանակցություններն Իրանում քննարկելը նշանակում է, որ ցանկացած քննարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ունենա Իրանի համաձայնությունը, ավելի ճիշտ՝ արտոնությունը: Այստեղ, ի դեպ՝ Արևմուտքի համար հստակ ուղերձներ կան, ըստ որի՝ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանային ուժերի կողմից։ Այսինքն՝ Իրանի համար ընդունելի է ՌԴ միջնորդությունը, սակայն անընդունելի է Արևմուտքի ակնհայտ ակտիվությունը: Ընդգծենք նաև, որ Իրանի այս դիրքավորումն ակնհայտորեն օգնում է նաև ՌԴ տարածաշրջանային քաղաքականությանը:

Գաղտնիք չէ, որ այսօր հարավկովկասյան ողջ տարածաշրջանում Ռուսաստանն օբյեկտիվորեն ունի խնդիրներ, ինչպես նաև որոշակի թուլացած դիրքեր, և Իրանի ակտիվությունը որոշակիորեն փոխլրացում է այդ բացը: Մյուս կողմից՝ Իրանի այս քաղաքականությունը Հայաստանին թույլ չի տալիս մոռանալ, որ շատ պետք չէ տարվել Արևմուտքով։ Եթե տեղի ունեցող գործընթացներն ավելի պարզեցնենք, ստացվում է, որ ներկայումս գոյություն ուենոցող Հայաստանի արևմտյան նկրտումների ճանապարհին Իրանը հետ պահող լուրջ գործոն է, այս դեպքում սա ազդում է ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի վրա: Բանն այն է, որ Ադրբեջանի համար Իրանի ներգրավումը խնդիրներ է ստեղծում, քանի որ Իրանը հստակ դիրքորոշում է հայտնել ռազմական գործողությունների վերաբերյալ, արտահայտվել ի օգուտ տարածքային ամբողջականության, ինչպես նաև ենթադրաբար Իրանը չի ողջունում, որ համաձայնագիր կնքվի Արևմուտքի հովանու ներքո: Ըստ էության՝ Իրանը դառնում է իրավիճակի վրա ազդող, իրավիճակն ուղղորդող խաղացող, որից խուսափելը շատ բարդ է լինելու:

ՀՀ իշխանությունների համար այս ամենը ևս բարդ է ու, ինչ-որ տեղ նաև փակուղային, քանի որ նրանք ունեն ակնհայտ հակահայ դիրքորոշում ու մոտիվացվում են արևմտյան հովերով։ Իրանը սկսում է փոխել խաղի կանոնները, քանի որ տեղում կոնկրետ ազդեցություն ունեցող երկիր է, ոչ թե դիտորդ:

Արմեն Հովասափյան