Պետություն ասվածը
զուտ պետական սինվոլիկան չէ, ոչ էլ կոնկրետ միջազգային իրավունքի նորմերով ֆիքսված
հստակ տարածք, այլ ոչ պակաս առանցքային է տվյալ մարմնի համակարգային ճիշտ կառուցվածքն
ու համապատասխան աշխատանքը։ Որպես ասվածի հավելում ընդգծենք, որ հենց պետական կառավարման
համակարգ կոչվածն է ցանկացած պետության ողնաշարը։ Ի դեպ՝ դա արտահայտվում է ոչ միայն
նրանով, որ պետական համակարգն է զբաղվում երկրի հեռանկարային և ընթացիկ կառավարմամբ,
այլ ոչ պակաս, ինչ-որ տեղ նաև էլ ավելի կարևոր է այն հատկանիշը, որ նորմալ երկրներում
ներքնապես բնորոշ է պետական կառավարման համակարգերին, և որի մասին որևէ փաստաթղթում
ֆորմալ առումով որևէ ձևակերպում չի արձանագրվում ու որևէ ամբիոնից չի թմբկահարվում։
Այս դեպքում՝ խոսքը պետության, պետականության դիմադրողականության մասին է, որի պահպանումը
պետական կառավարման համակարգի գուցե առաջնային առաքելությունն ու գործառույթն է։
Ինչպես հայտնի է՝
յուրաքանչյուր կայացած պետական կառավարման համակարգ ունի ներքին, օրգանապես կապված
շերտեր, որոնք հանրագումարում ձևավորում են այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ որևէ
գործողություն կարող է սպառնալ պետությանն ու պետականությանը։ Կարևոր է արձանագրել,
որ դա վերաբերում է նաև անձերին, անհատներին, որոնք՝ հայտնվելով պետական կառավարման
համակարգի ստորին, միջին և բարձր օղակներում, կարող են վտանգել պետությանն ու պետականությանը։
Այս դրսևորումն այսօր փաստացի գործում է Հայաստանում, որտեղ իշխող ուժի ներկայացուցիչների
գրեթե բոլոր գործողույթւոնները հակասում են պետության գոյությանն ու ամբողջովին ուղղված
են պետականության կորստին։
Դիմադրողության
գոյության դեպքում միանգամից աշխատում է մեխանիզմը․ դիմադրողունակ պետական
համակարգը միանգամից դուրս կշպրտի նման որևէ մեկին, եթե անգամ այդ մեկը զբաղեցնում
է պետության ղեկավարի պաշտոնը։ Հայաստանում, սակայն, համակարգային դիմադրողականության
այս մեխանիզմը չի գործում, ավելի ճիշտ այն արհեստական փչացրել են։ Խնդիրն այն է, որ
Հայաստանում ոչ թե անձը, անհատն է՝ անկախ կարգավիճակից, ծառայում պետական կառավարման
համակարգին, ինչպես թելադրում է Սահմանադրությունն
ու օրենքները, այլ ճիշտ հակառակը՝ համակարգն է ծառայեցվում անձի, անհատի կամայականություններին,
ինչպես գրված չէ որևէ Սահմանադրությունում։ Արդյունքում, պետական կառավարման համակարգը
դառնում է անհատի անգամ ամենահակապետական ծրագրերի սպասարկողը, ինչի արտահայտությունը
ևս մենք տեսնում ենք Հայաստանում։
Այօրյա կյանքում,
ինչպես նաև հանրային, քաղաքական քննարկումներում հաճախ է հնչում հարցը, որ մի՞թե մեր
պետական կառավարման համակարգում չկան հայրենասեր, պետության շահերը գիտակցող անհատներ
ու խմբեր, որոնք կկարողանան կանխել Նիկոլ Փաշինյանի հակապետական քայլերը։ Իրականում
այդպիսի անհատներ ու շերտեր պետական կառավարման համակարգում վստահաբար կան, գուցե դրանք
քանակապես շատ ավելին են, քան կարելի է պատկերացնել։ Այստեղ, սակայն, խնդիրը, համակարգի
գործունեության մեխանիզմն է, արատավոր ներքին դրվածքը, ըստ որի, այդ համակարգը՝ նույնիսկ
ամենահայրենասեր անհատներով, ծառայում է այն մեկ անձին, որը ղեկավարում է պետությունը։
Տվյալ դեպքում դարձել է Նիկոլի ձեռքի շարքային խաղալիք։
Վերը շարադրած կազուսային
իրավիճակների արդյունքում՝ ներկայումս գործ ունենք բանականությանն անհասու երևույթի՝ հայրենասիրական
դավաճանության կամ քվազի հայրենասիրության հետ. այլ կերպ բնորոշել այն ինչով այսօր
զբաղված է ՀՀ պետական կառավարման համակարգը չի կարելի։ Սրա պատճառները շատ են, բայց գլխավոր խնդիրն իշխանության
թևերի իրական տարանջատման և իշխանության կառուցվածքում կենսունակ, իրապես գործող հակակշիռների
ու զսպումների համակարգերի բացակայությունն է։
Միանշանակ է, որ
Փաշինյանի իշխանության ղեկին հայտնվելուց հետո պետական համակարգը տոտալ կազմաքանդվեց
և դարձրեց մի մարդու սպասարկող բրգաձև կառույց, որի հրամաններն ու ցուցումները գալիս
են սովորական մեսինջերյան հաղորդագրությամբ։ Կարող ենք փաստել, որ անգամ մարդկային
ամենավառ ու ամենահամարձակ երևակայությամբ չես հանդգնի երևակայել, որ այսօր երկրում
գործող որևէ համակարգ կամ պաշտոնյա կարող է հակադրվել Նիկոլին։ Ու դա ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանն է ծառայում
պետական կառավարման համակարգին, այլ հակառակը։
Ըստ էության՝ պետական
կառավարման համակարգի այս դեգրադացիան երկրում ժողովրդավարության ձևի և բովանդակության
միջև առաջացած խզման արդյունք է։ Ավելին, Հայաստանում ժողովրդավարությունը գործում
է միայն միջազգային հանրության ու տարբեր զեկույցների հեղինակների համար, ինչը միանգամայն
բավարարում է այս անհայրենիք իշխանություններին։ Հատկանշանակ է նաև այն, որ բովանդակային
առումով, ժողովրդավարություն, իշխանության տարանջատում ու ապակենտրոնացում մեր երկրում
գոյություն չունի, ինչը, կրկին, բխում է իշխանության, ասել է թե Փաշինյանի ինչ-որ տեղ
նաև միջազգային հանրության շահերից։
Արմեն Հովասափյան









