Լիովին իրատեսական է, որ Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը հասցվի 3 մլրդ դոլարի։ Այդ մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Փաշինյանի այցը շրջադարձային նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում։ Ռաիսին շեշտել է, որ տնտեսության, առևտրի, անվտանգության ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա խորացումն այսօրվա հանդիպմանը քննարկված գլխավոր թեմաներից է եղել։
Ռաիսին նշել է, որ Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը վերջին ամիսներին 43 տոկոսով աճել է, բայց կողմերը պլանավորում են այն հասցնել 3 մլրդ դոլարի։ Երկու երկրների միջև առկա հարաբերությունները, Ռաիսիի գնահատմամբ, տարածաշրջանային ու միջազգային մասշտաբով ավելի լավ հարաբերությունների կհանգեցնեն։
«Կովկասը հանդիսանում է Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասը, և մենք զգայուն ենք այդ տարածաշրջանում ընթացող իրադարձությունների հարցում։ Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։ Մենք գտնում ենք, որ Կովկասում խնդիրները պետք է լուծեն միայն տարածաշրջանային խաղացողները և օտար ուժերի ցանկացած միջամտություն կհանգեցնի նոր մարտահրավերների»,-ընդգծել է Ռաիսին։









