Foto

Սոչիով ոչինչ չի ավարտվել

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԼՂ հարցում ընդունելի են ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումները։ Դա եռակողմ հանդիպումից ժամեր առաջ էր։ Սակայն համատեղ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկար Լեռնային Ղարաբաղի մասին, ոչ մի ակնարկ, եթե հաշվի չառնենք հայտարարության նախնական տարբերակից հանված տողերը, որտեղ կարող էին լինել Արցախի վերաբերյալ ձևակերպումներ։

Հարց է առաջանում եթե Սոչի մեկնելուց առաջ և Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ԼՂ հարցում ռուսական նախագծով առաջարկվող մոտեցումներից , ապա ինչո՞ւ հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղը չկար։ Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանը գնար բանակցությունների մեկ օրակարգով, իսկ Պուտինն ու Ալիևն այլ օրակարգ ունենային։  Անլուրջ է, ուստի ակնհայտ է,  որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել կամ չի ցանկացել առաջ տանել արցախյան օրակարգը։

Առաջին հայացքից հայ–ադրբեջանական հակամարտությունն իբր սառեցնող այդ մի քանի նախադասությունների մեջ բազմաթիվ խութեր կան, որոնք ադրբեջանական կողմը կարող է ցանկացած պահի յուրովի մեկնաբանել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դրանք ինչպես կամենա, կներկայացնի «ժողջանին» ու «կոոպերատիվ» սփյուռքին։ Անվանական հայկական կողմը Մոսկվա էր մեկնել ոչ թե ասելու, այլ լսելու, թե ինչ կասի Պուտինը, որքան է Հայաստանին և Արցախին հովանավորելու նրա կամքը կամ լիմիտը։

1994  թվականից հետո, երբ Ադրբեջանը խայտառակ պարտություն էր կրել պատերազմում, Ալիև ավագի շնորհիվ կարողացավ համախմբել ուժերը և ռևանշի հասնել։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը չունեն այդ ունակությունն ու հավակնությունները, դրա համար էլ պատրաստ են ընդունել ցանկացած որոշում, որը ոչ թե Հայաստանի և Արցախի իրավունքները, այլ իրենց իշխանությունը կերաշխավորի։

Սոչիով ոչինչ չի ավարտվել, Ադրբեջանը շարունակելու է Հայաստանի սահմանների օկուպացիան, Արցախի վերջնական կլանման և հայաթափման ծրագիրը։ Այս իրավիճակը մի հանարավոր լուծում ունի՝ բանակցողի շտապ փոփոխությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը բանակցում է իր անձնական շահի ելակետից՝ երկրորդելով Հայաստանն ու Արցախը։

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան