Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար նախագահին կառաջարկվի Սուսաննա Գզոգյանի թեկնածությունը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր`որպես կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: Ըստ այդմ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ դատավորի պաշտոն համարվում էր թափուր և ԲԴԽ-ն որոշել է նախագահին առաջարկել Սուսաննա Գզոգյանի թեկնածությունը, որը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, սակայն այժմ գործուղված է Երևան:
«2022 թվականի հոկտեմբերի 24-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում .Հանրապետության նախագահին առաջարկել Սուսաննա Վասիլի Գզոգյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար», - նշված է ԲԴԽ կայքում հրապարակված որոշման մեջ:









