Foto

Ստամոքսային կոնֆորմիզմ

Ընդհանրապես հանրության մեջ ընդունված երկու նարատիվ կա յուրաքանչյուր խոսույթ մեկնաբանում են, ըստ ներկայացնողի և մյուսը՝ ամեն իրավիճակ մեկնաբանվում են սեփական տիրույթում։ Մեր հասարակության մեծամասնությունը բոլոր երևույթները, դեպքերն ու իրադարձությունները գնահատում է առավելապես անհատական շահի պրիզմայով՝ բացառապես սեփական շահերի տիրույթում։

Ըստ էության՝ ցանկացած երևույթի կամ իրադարձության նկատմամբ վերաբերմունքն էլ արտահայտվում է ըստ այնմ, թե որքանով է դա նպաստում, ինչու ոչ՝ նաև խոչընդոտում սեփական, անհատական շահի բավարարմանը։ Կարևոր է արձանագրել, որ այս կաղապարը միանգամից չի ներդրվել հանրային գիտակցության մեջ, դա տարիների, գուցե տասնամյակների թաքնված քարոզչության, հոգեբանական ազդեցության հետևանքն է, որը պարզապես այսօր, այս գոյաբանական օրերին արտահայտվում է շատ ավելի սուր կերպով, քան կլիներ հարաբերականորեն ավելի հանգիստ պայմաններում։ Ասվածի դասական օրինակը ՀՀ-ում վերջին 20 տարիներին օվերտոնի պատուհանի վառ արտահայտվածությունն է՝ հանրության համար զգայուն գրեթե բոլոր ոլորտներում։

Դատապարտելի չէ, որ անձը, անձանց խումբը, բոլորը մտածում են իրենց ու իրենց շահերի մասին, ավելին, դա միանգամայն բնական է և այլ կերպ չէր կարող լինել։ Խնդիրն այն է, սակայն, որ նորմալ պետություններում ու առողջ հասարակություններում անհատական շահերը հանրային կամ պետական շահերի հետ փոխկապակցված են այնպես ու այնքան, որ մարդկանց մեծ մասը սեփական շահերի սպասարկումն ու բավարարումը տեսնում է պետական-հանրային շահերի իրացման միջոցով։

Եթե վերը շարադրվածը ներկայացնենք ավելի պարզ՝ կստացվի մոտավորապես հետևյալը․ որքան ավելի ամուր է պետությունը, հանրությունը, այնքան ավելի լավ ու արդյունավետ են բավարարվում անհատի շահերը։ Հենց այս ալգորիթմն է ընկած անհատ-պետություն, անհատ-հասարակություն հարաբերությունների հիմքում, ընդ որում, այդ հարաբերությունները երկկողմանի են, այսինքն՝ այդ նույն նորմալ պետություններում, պետության շահը բավարարված է համարվում միայն այն դեպքում, երբ ապահովվում է նրանում ապրող անհատների պահանջմունքների և շահերի բավարարումը։

Այսօր պետք է փաստենք, որ Հայաստանում այս հարաբերություններում տեղի է ունեցել հստակ խզում մարդկանց պատկառելի մասն իր պահանջմունքների բավարարումը ոչ միայն չի տեսնում պետության միջոցով, այլ հակառակը՝ այդ պահանջմունքների բավարարման նախապայման է համարում պետության չգոյությունը։ Բանաձևը մոտավորապես հետևյալն է «լավ կյանք՝ առանց պետության»։ Ի դեպ՝ այս մտածողության հիմքում ընկած է ամեն ինչ միայն անհատական պրիզմայով գնահատելու մտայնությունը, որի դեպքում ամենևին կարևոր չէ՝ ինչպես է կոչվում և ում է պատկանում տարածքը, որում ապրում է մարդը, տվյալ դեպքում անկյունաքրային է բացառապես սեփական-անհատական պահանջմունքների բավարարումը։

Այս գործընթացի վտանգավորությունն ու ռիսկայնությոնը կայանում է նրանում, որ տվյալ մտածելակերպի կրողների համար պետությունն անգամ բացասական սուբստանցիա է, քանի որ կարող է սահմանափակել անհատական պահանջմունքների բավարարումը։ Նշված բանաձևման կրողները գործնականում կարող են չունենալ ազգային պատկանելություն և գոյություն ունենալ ցանկացած հանրույթում։

Այս իրավիճակում, որպես աշխարհայացք կամ կենսակերպ, դրան կարելի է նորմալ վերաբերվել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կրողները հեռու են մնում պետությունից և զբաղվում են իրենց անհատական գործերով։ Իսկ ահա, երբ այդ մտածողության կրողները հայտնվում են իշխանության մեջ, պետության հետ պատահում է այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում անհատական շահերն ու պահանջմունքները սկսում են գերակայել հանրային ու պետական շահերին։

Այսօր գործող իշխանությունները Հայաստանի հետ անում են ամեն ինչ․ փաստացի պետությունից քամում են հնարավոր ամեն ինչ, ու դա անում են առանց դիմադրության, քանի որ կարողացել են վտանգավորության հաշվին ավելացնել միայն սեփական շահերի մասին մտածողների քանակը։

Արմեն Հովասափյան