Foto

Անպատասխանատվությունը ծնեց Նիկոլին

Յուրաքանչյուր իշխանություն հանրության և պետության առաջ պետք է ունենա պատասխանատվություն, քանի որ հենց օրվա իշխանությունն է հանդիսանում տվյալ ժամանակահատվածում պետության հետ կատարվածի թիվ մեկ պատասխանատուն։ Այո, հենց իշխանությունը, այլ ոչ թե ընդդիմությունը, կամ երկիրը երբևիցե ղեկավարած այլ քաղաքական ուժեր ու անհատներ։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է, որը, ցավոք, հայաստանյան իրականությունում վերջին 4,5 տարիների ընթացքում ամբողջովին խեղված է։ Նիկոլ Փաշինյանը հանրությանը կարողացել է այնպես հիպնոսացնել, որ զրկել է սթափ ու բանական դատողությունից և երկրը կազմակերպված գլորում է անդունդ։

Հայաստանում գոյություն ունեցող ինստիտուցիոնալ ճգնաժամի աղբյուրներից մեկը քաղաքական պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է։ Փաշինյանն ամեն ինչ դասավորում է այնպես, որ պետության և հասարակության հետ կարելի է անել գործնականում ամեն ինչ և դրա համար չկրել քաղաքական պատասխանատվություն։

Ասվածի ցցուն օրինակ է արցախյան 44-օրյա պատերազմը, որում կրած խայտառակ պարտությունից հետո Փաշինյանի իշխանությունը ոչ միայն գլխիկոր չհեռացավ իշխանությունից, այլ վերարտադրվեց «հպարտության» նոր ու ավելի ցինիկ դրսևորումներով։ Եվ հենց 2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններով վերարտադրությունը Նիկոլին դարձրեց առավել ամբարտավան ու անպատասխանատու։

Հենց այդ ընտրություններից հետո նա տեսավ, համոզվեց ու գիտակցեց, որ կարելի է պետությունը հասցնել դժոխային վիճակի, զոհել հազարավոր երիտասարդների ու անգամ դրանից հետո ստանալ «պողպատյա մանդատ», ինչը նրա համար լրացուցիչ խթան է այլևս կատարելու ցանկացած քայլ, որը կա՛մ համադրելի կլինի 44-օրյա ողբերգության հետ, կա՛մ կլինի դրանից պակաս ողբերգական։ Այսօր արդեն բոլորս ակնհայտ տեսնում ենք, թե ինչպես է նա անթաքույց սպասարկում ադրբեջանաթուրքական շահը և նրանց թելադրանքով ու պայմաններով պատրաստվում ստորագրել «խաղաղության պայմանագիր», դրանից բացի՝ փաստացի ամբողջովին հրաժարվել է Արցախից։

Ըստ էության՝ Փաշինյանը բոլոր այս քայլերն իրականացնելիս աչքի առաջ ունի հենց 2020 թվականը և առաջնորդվում է այն նախադեպով, որ եթե մի անգամ իր արարքները մարսվել են, ուրեմն կմարսվի նաև երկրորդ ու հաջորդող անգամները։ Հենց այս տրամաբանությամբ էլ շարժվում է առաջ։ Ավելին, սեփական անատամ թիմի ներկայացուցիչներին էլ տվել է իր ինքնավստահության չափաբաժնից մի մասնաբաժին՝ հորդորելով բոլոր բնագավառներում «գազ» տալ և ոչ մի տեղ «կուլ չգնալ»։ Իսկ այդ ամենը մարսվել է, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, նաև այն պատճառով, որ Հայաստանում երբևէ քաղաքական պատասխանատվության ինստիտուտը գործուն դերակատարում չի ունեցել հանրային-քաղաքական հարաբերություններում։ Դա, ի դեպ, մեր քաղաքական համակարգի դեգրադացվածության և՛ պատճառն է, և՛ հետևանքը, որովհետև առողջ քաղաքական համակարգ կարող է լինել միայն քաղաքական պատասխանատվության ինստիտուտի և դրա արդյունքում առաջացող հետևանքների առկայության դեպքում։

Այստեղ պետք է ընդգծենք, որ հենցն պատասխանատվության ինստիտուտը, ըստ ամենայնի, շատ ավելի կարևոր ու համակարգաստեղծ է, քան իրավական պատասխանատվությունը։ Բայց, ի տարբերություն վերջինիս, որը կարող է իրացվել համապատասխան իրավական կառուցակարգերի ու գործիքների միջոցով, քաղաքական պատասխանատվության ինստիտուտի գործարկման համար անհրաժեշտ է բարձր քաղաքացիական ու քաղաքական գիտակցություն, որը դիմադրողականություն կունենա մանիպուլյացիաների ու պոպուլիզմի նկատմամբ և հասարակությանը կստիպի առնվազն քաղաքական կյանքից դուրս շպրտել բոլոր նրանց, ում պատճառով պետությունը հայտնվել է կործանման եզրին։

Սա խոսում է այն մասին, որ վերը նշվածը նվազագույնն էր, որ պետք է տեղի ունենար Հայաստանում 44-օրյա պատերազմից հետո, որովհետև ոչ միայն քաղաքական տրամաբանության, այլ նաև պարզ մարդկային բանականության ու բարոյականության հարթությունում Նիկոլը չէր կարող պահպանել իշխանությունն այն ամենից հետո, ինչ արել էր Արցախի հետ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» վանկարկելով։

Դաժան իրականություն և ցավոտ փաստ է այն, որ նա, ըստ էության, պահպանեց իշխանությունը՝  ապացուցելով, որ Հայաստանը դուրս է ոչ միայն քաղաքական, այլև մարդկային տրամաբանության ու բարոյականության բոլոր չափումներից։ Եվ քանի որ մի անգամ հաջողացրել է ամբողջ սերունդ կործանելով ու Արցախի մեծ մասը հանձնելով պահպանել իր քաղաքական կյանքը, հիմա իրեն ազատ է զգում վերջնականապես հրաժարվել Արցախից և Հայաստանի հետ անել այն, ինչ պահանջում են բոլոր նրանք, ում ձեռնտու է իր իշխանավարումը Հայաստանում, ասել է թե՝ իր իրական տերերին, ում առաջ հպարատանում ու խոնարվում է նա։

Արմեն Հովասափյան