Foto

Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվեց

Որպես իրավապաշտպան հանդես եկող Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց Սուլթանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին դատախազի միջնորդությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են՝ նրա բացակայության պատճառով։ Շուրջ մեկ ամիս առաջ «Փաստինֆո»-ին հայտնի էր դարձել, որ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեկնել է արտերկիր՝ խնդրելով քաղաքական ապաստան տրամադրել իրեն, ինչը փաստացի հաստատվեց՝ հերթական անգամ նրա բացակայությամբ։ Մեղադրող դատախազ Արտակ Կարապետյանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Սուլթանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը և հետախուզում հայտարարել վերջինիս նկատմամբ։ Դատախազն ընդգծել է, որ Սուլթանյանը, գտնվելով ազատության մեջ, թաքնվում է վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտում է գործի քննությանը և խուսափում է քրեական պատասխանատվության ենթարկվելուց, հետևաբար, նրա նկատմամբ կալանավորումն ընտրելու բոլոր իրավաչափ հիմքերն առկա են։ Հատկանշական է, որ պաշտպանության կողմը , ըստ էության, չի առարկել միջնորդության դեմ ՝ նշելով, որ տեղեկություն չունի իր պաշտպանյալի՝ չներկայանալու պատճառների մասին, ավելին, որևէ կապ չի եղել։

Դատարանը խորհրդակցական սենյակում որոշում է կայացրել՝ միջնորդությունը բավարարելու մասին։

Հիշեցնենք՝ Ս․ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հատկանիշներով։ Ըստ մեղադրանքի՝ Սուլթանյանը 2020 թվականի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող yezidinews.com կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Հայաստանի տարածքում եզդիների իրավունքները պաշտպանված չեն, հայերը ծաղրում են եզդիներին և խտրական վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ, եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, հայերը խլում են եզդիների ունեցվածքը, բիզնեսները, տներն ու հողերը, եզդիների վիճակը գնալով վատացնում են, ասում են, որ եզդին Հայաստանում հող ունենալու իրավունք չունի։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան