Foto

Գեղամ Մանուկյանը պատռեց խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնում ցուցադրաբար պատռեց մամուլում տարածված անգլերեն այն տեքստը, որը լրատվամիջոցները ներկայացնում են որպես խաղաղության պայմանագրի ամերիկյան տարբերակ։ Գրում է armeniasputnik.am-ը։

«Արդեն երկու շաբաթ է մամուլում շրջում է մի անգլերեն փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիևը։ Մի քանի կետանոց այս փաստաթղթի մասին իշխանությունները որևէ բան չեն խոսել, չեն հերքել, որ արձանագրվում է` Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից` ինքնորոշման իրավունքի մեր երեսնամյա պայքարից»,– ասաց Մանուկյանը` մեջբերելով փաստաթղթից մի հատված, որում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանը կներկայացնի այն անձնավորությանը, որը կաշխատի «ԼՂ–ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ` քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Մանուկյանն ընդգծեց, որ ըստ արևմտյան ծրագրի` արցախցին էթնիկ փոքրամասնություն է։

Մամուլում տարածված այս փաստաթուղթը, նրա մեկնաբանմամբ, մինչև տարեվերջ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրն է, որն ավելի մեծ զիջումներ է պարունակում, քան 2020թ–ի նոյեմբերյան եռակողմ հայտարարությունը։

Ըստ նրա` խաղաղության պայմանագիրը կրկնակի կապիտուլյացիա է նշանակում։ Ուստի ՀՀ այսօրվա իշխանությունն իրավունք չունի մեկ ստորագրությամբ որոշելու Արցախի ու Հայաստանի ճակատագիրը։

«Դե եկեք, Արցախն ուրացող այս և նմանատիպ այլ փաստաթղթերը մերժենք»,– ասաց Մանուկյանը` պատռելով իր հետ բերած փաստաթղթի օրինակը։

Նշենք, որ ընդդիմությունն այսօր երկարատև ընդմիջումից հետո առաջին անգամ մասնակցում է ԱԺ նիստի հայտարարությունների ժամին։

Ընդ որում, հայտարարության համար հերթագրված 11 պատգամավորներից 9-ը ընդդիմադիրներ են։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: