Foto

Իրանը տիրապետում է թեմային

Օրերս Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանում սետեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, խոսել է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Իրանի դերի մասին: Նա մասնավորապես ասել է, որ Իրանը թույլ չտվեց փակել Հայաստանի հետ կապի ուղին և շարունակեց զորավարժություններ անցկացնել տարածաշրջանում։ «Տարածաշրջանում իրականացվեց շատ վտանգավոր սցենար, ըստ որի՝ դա պետք է փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը։ Նույնիսկ ջանքեր են գործադրվել կտրել Իրանի և Հայաստանի միջև կապի հնագույն ճանապարհը։ Իրանը դա թույլ չի տվել»,- ասել է Աբդոլլահիանը։

Իր խոսքում Աբդոլլահիանն հստակ ընդգծել է, որ Իրանը վարելու է իր քաղաքականությունը երկրի շահերին համահունչ՝ չեն անտեսելու ցանկացած կարողություն, որն ապահովում է ժողովրդի շահերը՝ լինի Արևմուտքում թե Արևելքում։ Նա տեղեկացրել է, որ Թեհրան-Մոսկվա համապարփակ համագործակցության համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։ Նախարարն ընդգծել է նաև, որ Իրանը շարունակում է ջանքերը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հրադադարի հաստատման և կողմերին բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ, սակայն Արևմուտքը շարունակում է պատերազմական զենք ուղարկել։

Ըստ էության հատկանշական է այն, որ մեր համար այս ծանր մարտահրավերային շրջափուլում, երբ ՀՀ իշխանությունները չեն կարողանում արտաքին քաղաքական և անվտանգային խնդիրներ լուծել, զսպել թուրք-ադրբեջանական օր օրի բացվող ախորժակը, կարևոր է Իրանի ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն քաղաքականությունը, քանի որ Իրանը հայ-իրանական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է հայտարարել: Տեղի ունեցող քաղաքական զարգացումների ցավոտ կողմն այն է, որ ՀՀ ապիկար իշխանությունն Իրանի հետ քաղաքականության հարցում փաստացի անգործության է մատնված: Ավելին՝ ամբողջովին կազմաքանդել են մինչև ՀՀ-ում պետականության տապալումը եղած հայ-իրանական փայլուն հարաբերությունները։

Դեռևս հստակ չէ, թե Հայաստանի համար ծանր սցենարների զարգացման դեպքում Իրանի կարմիր գծերն ինչ գործողության կվերածվեն, սակայն Իրանը ներկայումս այն դաշնակիցն է, հայ-իրանական սահմանի գինն այնքան բարձր է Իրանի համար, որ հայ-իրանական կապերը, կարելի է ասել, որ ամենաքիչն են ազդվում աշխարհաքաղաքական ծանր զարգացումներից և ունեն կայունություն: Ի դեպ՝ ընդգծենք, որ Հայաստանի ակտիվացող շփումներն Արևմուտքի հետ անհանգստացնում են Իրանին, և այդ մասին արդեն իսկ եղել են հրապարակային ակնարկներ: Ուստի Աբդոլլահիանի ելույթն ուշագրավ է ՀՀ համար և նեղ, և ավելի լայն կոնտեքստում: Իսկ ամենահետաքրքրականը, իհարկե, նրա խոսքն էր հայ-իրանական սահմանի և այն մասին, որ Իրանը թույլ չի տվել փակել հայ-իրանական սահմանը: Ըստ էության՝ իրանցի նախարարն այս մասին խոսում է որպես չեզոքացված սպառնալիք, սակայն Ադրբեջանն ու Թուրքիան վերջին օրերին ավելի ինտենսիվացրել են իրենց պահանջները, այսպես կոչված, միջանցքի հարցում:

Արձանագրենք, որ Իրանի համար ևս այս փուլը մարտահրավերային է ներքին և արտաքին առումներով, քանի որ դադարեցվեցին Իրան-Արևմուտք միջուկային բանակցությունները, Արևմուտքը Իրանում այլ առաջնահերթություններ է սահմանել: Այդ երկիրը թիրախավորման նոր ալիքի տակ է Արևմուտքի կողմից և պետք է ակտիվացնի իր դիվանագիտությունը բոլոր ուղղություններով, որոնցից մեկը ռուսականն է (ինչպես հայտնի է՝ նոր համաձայնագիր է կնքվելու Ռուսաստանի հետ)։ Ըստ էության՝ ամիսուկես առաջ կողմերը մոտ էին միջուկային համաձայնության, բայց կրկին գործընթացը տապալվեց և սկսվեց զարգացման ու Իրանի արտաքին քաղաքականության համար մի փոքր այլ փուլ:

Փաստենք մի կարևոր հանգամանքԻրանն անկախ իրավիճակից՝ այդ հայտարարությամբ փորձում է շեշտել իր դերը Հարավային Կովկասում: Սակայն, այդ ամենին  զուգահեռ, կան դիվանագիտական այլ հայտարարություններ, որոնցից պարզորոշ երևում է, որ վտանգներն այդ ուղղությամբ չեզոքացված չեն կամ գուցե կտեղափոխվեն այլ ճնշումների դաշտ:

Այստեղ կարևոր է արձանագերել, որ Իրանը, նման հայտարարություններ ու նման հայանպաստ դիրքորոշում ունի՝ սեփական քաղաքական և աշխարհաքղաքական նկրտումները հաշվի առնելով։ Ակնհահյտ է, որ Իրանը փորձում է հարավկովկասյան տարածաշրջանում հանդես գալ որպես էլ ավելի գերակտիվ գործոն և այդ առումով դիմում է կոնկրետ գործողությունների։

Մենք հստակ տեղյակ չենք, թե սեպտեմբերյան մարտերից հետո, բացի իրանական հայտարարություններից, Իրանն ինչ աշխատանք է իրականացրել: Գուցե այլ բաներ ևս եղել են, սակայն հարկ է նշել, որ Իրանի արձագանքը հստակ ու լսելի է եղել հնարավոր բոլոր ամբիոններից: Ըստ էության՝ Իրանում թերևս դիտարկում են, որ եթե այս սպառնալիքները չչեզոքանան, և Իրանն իր ուժը ցույց չտա, ապա Իսրայելն է՛լ ավելի է ակտիվանալու ռեգիոնում, և այդ ակտիվության հիմնական թիրախը հենց Իրանն է: Բացի դրանից՝ տեսնում ենք, որ Ադրբեջան-Իսրայել զենքի շուրջ համագործակցությունը շարունակվում է, Իրանը սա նկատում է և անընդհատ փորձում է Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունը լիովին չկորցնել, պահել կոնտակտները և ակտիվ երկխոսությունը: Իրանը վերջին ամիսներին Հարավային Կովկասում ունի ավելի մեծ ազդեցություն, քան երկու-երեք տարի առաջ։

Արմեն Հովասափյան