Իմ հրապարակումներում քանիցս անդրադարձել եմ այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը
գլխավորապես կառուցված է ստի և կեղծիքի վրա։ Փաշինյանը հանրությանը կերակրում է ստով՝
յուրաքանչյուր թեմա հարմարեցնելով իր քաղաքական ճաշակին, իսկ իրականությունը՝ թաքցնում
ամենքից։ Եթե համընդհանուր կոնտեքստով ներկայացնենք, այսօր հայկական քաղաքականության,
հանրային հարաբերությունների համակարգի լրջագույն խնդիրներից մեկը ճշմարտության ու
հավատի պրոբլեմն է։ Ավելի կարճ՝ ճշմարտությունը՝ որպես օբյեկտիվ իրականության արտահայտություն,
գրեթե տեղ չունի մեր կյանքում։
Գրեթե ամենօրյա ռեժիմով, որպես ամենատարբեր ճշմարտություններ, հասարակությանը հրամցվում է ամեն ինչ, բացի ճշմարտությունից։ Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ տարիների, գուցե տասնամյակների ընթացքում մարդիկ դադարել են ճշմարտությունն ընկալել օբյեկտիվորեն, անանձնական հարթությունում, այնպես, ինչպես այն կա։ Փոխարենը, Ճշմարտությունը գնահատվում, կշռվում է ոչ թե նրա մաքուր հատկանիշներով, այլ՝ կախված այն արտահայտող անձից կամ խմբերից։ Արդյունքում՝ մարդկանց համար որպես ճշմարտություն է ներկայանում այն, ինչը ներկայացնում է իրենց կողմից սիրելի հանրային գործիչը կամ տվյալ քաղաքական թիմը՝ անկախ նրանից՝ ներկայացվողը ճշմարտությո՞ւն է, թե՞ կեղծիք (այստեղ ցավալին այն է, որ մարդիկ չեն փորձում խորամուխ լինել, որպեսզի հասկանան՝ իրենց ներկայացվող փաստերը որքանով աղերս ունեն տվյալ իրավիճակում գոյություն ունեցող քաղաքական իրականության հետ)։ Եվ հակառակը՝ շատ-շատերն անգամ ապացուցելի, հիմնավորված, մաքուր ճշմարտությունը չեն ընկալում որպես այդպիսին, եթե չեն սիրում/պաշտում այն ներկայացնողին։
Դիցուք, որպես ասվածի
օրինակ, եթե Փաշինյանը հայտարարի, որ Գորիսը ադրբեջանական քաղաք է, միանգամից հազարավոր
մարդիկ դա կընդունեն որպես բացարձակ ճշմարտություն, չեն վիճի դրա հետ, կսկսեն
իրենք իրենց համոզել, որ մինչ այդ թյուրիմացության մեջ են եղել, որ նախկիններն
են այդ ամենն իրենց սխալ մատուցել, այն դեպքում, երբ գիտեն, որ դա կատարյալ խաբեություն
է։ Կընդունեն, որովհետև դա ասողը Նիկոլն է։ Եվ հակառակը՝ նրանք որպես ճշմարտություն
չեն ընդունի Արցախի հազարամյա հայկականությունն ապացուցող, փաստարկող, հիմնավորող
տեղեկությունը, եթե այն ներկայացնողը որևէ կապ ունի «նախկինների» հետ։
Նման օրինակներ կարելի է գտնել պետության ու հանրության կենսագործունեության, առանց
բացառության, բոլոր ոլորտներում։ Խնդիրը հանգում է նրան, որ մարդկանց զգալի մասը ճշմարտությունը
գնահատում է այն ներկայացնողի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, այն դեպքում, երբ առողջ
իրականության մեջ պետք է լինի ճիշտ հակառակը՝ որևէ մեկի նկատմամբ հավատը, վստահությունը
պետք է պայմանավորված լինի նրանով, թե որքանով է նա արտահայտում ճշմարտությունը և որքանով
է կեղծում կամ խաբում։ Անհերքելի է այն փաստը, որ Հայաստանում այս մեխանիզմը գլխիվայր
շրջվել է, ինչի արդյունքում ճշմարտությունը՝ որպես օբյեկտիվ իրականության կատեգորիա, և, ամենակարևորը՝ որպես հանրային-քաղաքական հարաբերությունների չափորոշիչ ու մոտիվատոր,
դադարել է կատարել իր դերը։ Դրան, իհարկե, մեծապես նպաստել են նաև սոցցանցները, որոնք
իդեալական պայմաններ են ստեղծում կեղծ մարգարեների համար։ Մյուս կողմից, սակայն, այս
իրավիճակի ավելի խորքային պատճառը հանրության ոչ այնքան բարձր ինտելեկտուալ մակարդակն
է, քանի որ միայն կրթված անհատներն ու նրանց բազմություններն են ճշմարտի, իրականի նկատմամբ
պահանջ ձևավորում ու ջանք գործադրում դրան հասնելու համար։
Ինչպես հայտնի է՝ պակաս
զարգացած հասարակությունները պարարտ հող են կեղծիքի, ստի, հորինվածքների տարածման համար,
ինչն իսկական նվեր է պոպուլիստ ու անգաղափար ցանկացած իշխանության համար, ինչպիսին
որ է՛ Հայաստանի այսօրվա իշխանությունը։
Քաղաքականությունը պատրանքների, առասպելների, պատումների մեծ վաճառաշուկա
է, որում հաղթում են առավել ճարպիկները, ստախոսներն ու կեղծարարները։ Բոլոր այս հատկանիշներով
բնորոշվող պոպուլիստների համար ամենամեծ թշնամին ճշմարտությունն է, որը կարող է բացել
մարդկանց աչքերը ու հասնել նրանց հոգիներին։ Դա է պատճառը, որ հատկապես վերջին
4.5 տարիներին ճշմարտությունը Հայաստանում ենթարկվել է բոլոր հնարավոր բռնություններին
ու ոտնահարումներին, ինչն օգնել է պահպանել իշխանությունը։
Ճշմարտությունը երբևէ բացահայտվելու հատկություն ունի, եթե նույնիսկ այն բռնաբարողներին
թվում է, թե օբյեկտիվ իրականությունը կարողացել են խեղել անդառնալիության աստիճանի։
Ահա այդ ժամանակ փլվում են բոլոր առասպելներն ու պատումները, իսկ փլատակներում, որպես
կանոն, մնում են դրանց հեղինակներն ու տարածողները։
Արմեն Հովասափյան









