Այս օրերին ՀՀ արտաքին
քաղաքական ոլորտում ՀՀ իշխանությունները հերթական իմիտացիոն տակտիկան են աշխատացնում։
Մանիպուլացիոն վահանակն իր ձեռքն է վերցրել անձամբ Նիկոլ Փաշինյանը և փորձում է արհեստական
թեզերի միջոցով հանրային տիրույթում օրակարգի մարսման պրոցեսը գեներացնել։ Նա վերջին
մի քանի օրերին անուղղակի վիրտուալ կապի միջոցով՝ Թվիթերով, փորձում է յուրահատուկ
հարցուպատասխան իրականցնել Ադրբեջանի հետ։ Իր գրառումներից մեկում նա նշել էր․ «Արևելյան Ադրբեջանի
և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի
բացման վերաբերյալ որոշման նախագիծը, մի քանի ամիս է, պաշտոնապես շրջանառվում է»: Նա
նաև հավելել է, որ ՀՀ կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Փաշինյանի
թվիթերյան գրառում-առաջարկն անմիջապես արժանացավ Ադրբեջանի ԱԳՆ մերժմանը: Մասնավորապես,
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ անիրատեսական համարելով սահմանին անցակետեր
բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։
Այս առումով հարկ
է նաև նշել, որ զուգահեռաբար հայ-ադրբեջանական սահմանին այս օրերին չի պահպանվում հրադադար,
շարունակվում են Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակահերթերը, ինչպես նաև՝ տեղեկատվական
դաշտում սադրանքները: Ի դեպ՝ Մևլութ Չավուշօղլուն օրերս ասել էր, որ Ղարաբաղյան պատերազմից
հետո Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիր,
որին Հայաստանը, թեև ուշացած, բայց դրական պատասխան է տվել: Նա նշել էր, որ Ադրբեջանն
ունի ողջամիտ պահանջներ, որոնց թվում է Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը՝ Լաչինի միջանցքի
նման։ Չավուշօղլուն նաև հավելել էր, որ խաղաղությունը պահպանող ջանքերը պետք է արագացվեն։
Նրա խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
դրականորեն է ազդում նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա։
Ըստ էության՝ Ադրբեջանը
ցանկանում է լուծել իր համար վերջին խնդիրը՝ Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհի
հարցը, որի շուրջ հուսանք դեռևս վերջնական համաձայնություն: Ընդհանուր առմամբ՝ ընթացող
գործընթացներից կարող ենք ենթադրել, որ միջանցքի կամ ճանապարհի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի
ու Թուրքիայի պատկերացումների շուրջ խնդիր կա, քանի որ և՛ Փաշինյանի, և՛ Էրդողանի,
և՛ Ալիևի խոսույթում այս հաղորդակցական ուղու վերաբերյալ միմյանցից տարբերվող կարծիքներ
են հնչում:
Ասվածից կարող ենք
ենթադրել, որ Պրահայի բանակցությունների ընթացքում այս հարցը հստակորեն չի ամրագրվել
կամ տեղ է թողել հավելյալ մեկնաբանությունների համար: Այնուամենայնիվ, ստացվում է,
որ այս հարցն այսօրողջ տարածաշրջանում հավելյալ անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել,
թեև այսօր, արդեն, հայ-ադրբեջանական սահմանին տեղակայվել են ԵՄ դիտորդներ:
Մամուլում շրջանառվող
տեղեկություններով՝ նոյեմբերին նախատեսվում է Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը, ուստի
չի բացառվում, որ այս ընթացքում տեղի ունենան որոշ դիվանագիտական ուղերձների փոխանակություն
կամ հստակություն: Այստեղ շատ կարևոր է այն փաստը, որ ըստ էության հնարավոր է փոխվի
բանակցային հարթակը։ Այս առումով ուշագրավ էր օրերս Ալիևի այն պնդումը, թե լարվածությունը
կանգնեցրել է Ռուսաստանը, իսկ Հայաստանն ասում էր, որ դա արել է Արևմուտքը: Չի բացառվում,
որ Ադրբեջանի բանակցային առաջնահերթությունները, ըստ իրավիճակի, փոխվեն, քանի որ զարգացումները
չափազանց ինտենսիվ բնույթ են կրում:
Ի դեպ՝ առաջին հայացքից
այնպիսի տպավորություն է, թե ընդհանուր բանակցային գործընթացում որոշում կայացնում
են միայն Թուրքիան, Արևմուտքը, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, սակայն կա նաև Իրանն
ու միանշանակ էական է Իրանի դիրքորոշումը: Թերևս շատերդ կահամաձայնեք, որ այսօր Իրանի
դիրքորոշումը հնարավոր չէ անտեսել ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ Հայաստանի հարցով: Իրան-Արևմուտք
հարաբերություններում ևս նորություններ կան․ բանն այն է, որ Իրանը ևս ոգևորված
չէ Արևմուտքի հարավկովկասյան նոր հավակնություններով և ներկայությամբ:
Միաշանակ է, որ
ներկայումս տեսնում ենք, որ Հայաստանն իր քաղաքականությունը կառուցում է՝ հիմնվելով
Արևմուտքի վրա, և այստեղ հարց է առաջանում, թե արդյոք Արևմուտքը կկարողանա՞ այդ դերն
ունենալ Հայաստանի համար: Օրերս մենք տեսանք, որ Մակրոնը բավականին կոպիտ դիրքորոշումներ
հայտնեց, սա կարծես ևս անդրադառնում է Արևմուտքում այս գործընթացի ապագայի վրա: Այս
պահին հստակ ոչինչ հնարավոր չէ ասել, հնարավոր է և՛ գործընթացի չեղարկում, և՛ շարունակություն,
և՛ նոր անվտանգային մարտահրավերներ, քանի որ սա աշխարհաքաղաքական մեծ երկրաշարժ է:
Վերջում փաստենք նաև, որ այս ընդհանու «ռասկալդում» Ռուսաստանը վճռական խոսք չի ասում,
քանի որ այս փուլում Ռուսաստանին հարկավոր չեն իր համար ոչ այնքան կարևոր հարցերով
դիվանագիտական լարումներ:
Արմեն Հովասափյան









