Foto

Վաճառվող քաղաքացիություն

ՀՀ իշխանությունը կառավարման 4,5 տարիների ընթացքում իր քայլերով, նախաձեռնություններով ու իրականցրած քաղաքականությամբ գերազանցում է սեփական ռեկորդները՝ ընդունելով միմյանցից աբսուրդ ու հակահայկական նախագծեր։ Խոսենք օրերս ընդունած հերթական մարազմատիկ քայլի մասին, որը յուրաքանչյուր գիտակից հայի մոտ լուրջ մտահոգության առիթ է տվել։

Մասնավորապես, օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց ՀՀ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրյա քաղաքացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն:

Հիմա ուշադրությունբազմաթիվ կետերից ու ենթակետերից բաղկացած այդ չափանիշներում ընդգրկված են նաև տնտեսության մեջ ֆինանսական ներդրում կատարելու միջոցով ՀՀ քաղաքացիություն ստանալու մի շարք հնարավորություններ։ Ըստ այդմ, որևէ այլ երկրի քաղաքացի կարող է ՀՀ քաղաքացիություն ստանալ Հայաստանում` ներդնելով առնվազն 150 հազար դոլար՝ բաժնետոմսի կամ բաժնեմասի ձեռքբերման, պետական պարտատոմսերի գնման, այլ ֆինանսական գործիքներում այդքան գումարի ներդրում կատարելու դիմաց։ Եթե ավելի պարզեցնենք խրթին ձևակերպումների տակ թաքնված չափանիշները և հասկանալի մատուցենք ասված բառախաղը, ապա Հայաստանը գործնականում վաճառում է սեփական քաղաքացիությունը՝ սկսած 150 հազար դոլարից։

Շատերի մոտ գուց հարց առաջանա և առանձնապես ոչ մի մոթ ու դավադրապաշտական ինտրիգներ չփնտրեն, սակայն, ինչպես ասում էր դասականը՝ «ուզում էին լավը՝ ստացվեց ինչպես միշտ»։ Թվում է՝ սրա մեջ արտառոց ոչինչ չկա, այսպես կոչված, «քաղաքացիություն՝ ներդրման դիմաց» գործիքը կիրառվում է աշխարհի շատ երկրներում՝ սկսած օֆշորային գոտիներից ու արևադարձային երկրներից, մինչև ԵՄ պետություններ ու ԱՄՆ։ Գաղտնիք չէ, որ այս ինստիտուտի միջոցով համաշխարհային ֆինանսական էլիտան վաղուց լուծել է «աշխարհի քաղաքացի» դառնալու հարցը՝ ներդրումների միջոցով ձեռք բերելով բազմաթիվ հրապուրիչ երկրների անձնագրեր:

Գուցե գերզարգացած պետությունների համար ներդրումների դիմաց քաղաքացիություն տրամադրելու մեխանիզմը, նորմալ, ինչու ոչ նաև կարևոր գործիքակազմ է, սակայն, խնդրահարույց և խիստ վտանգավոր է այն պետությունների պարագայում, որոնք ունեն չլուծված հակամարտություններ, փաստացի թշնամական հարաբերություններ այլ երկրների հետ, և որոնք, ինչպես ներկայումս Հայաստանը, իսկական դրախտ են ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում` թշնամիների հատուկ ծառայությունների համար։ Ահա այս տեսանկյունից Հայաստանում քաղաքացիություն ստանալու համար ներկայացված չափանիշները գործնականում մեր երկիրը բացում են առաջին հերթին Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների առջև, որոնք, փաստորեն, ընդամենը 150 հազար դոլարով կարող են ստանալ ՀՀ անձնագիր։

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ տվյալ պարագայում խնդիրը ոչ միայն և ոչ այնքան Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքացիների կողմից այս հնարավորությունից օգտվելու հնարավոր անհատական որոշումներն են, որքան այն, որ այս գործիքն օգտագործելով` այդ երկրի իշխանությունները կարող են իրենց երկրների քաղաքացիների համար «նպատակային ներգաղթ» կազմակերպել Հայաստան, այդ թվում՝ քաղաքացիություն ստանալու համար պահանջվող ներդրումները ֆինանսավորելով պետական ամենատարբեր խողովակներից, ինչի փորձն ունեն երկար ժամանակ և կիրառում են հարևան Վրաստանում։

Հանճար և լուրջ աշխարհաքաղաքական գուրու պետք չի, որպեսզի հասկանանք, որ պետական նշանակության խնդիրների լուծման համար ՀՀ անձնագրի փաստացի արժեքը՝ 150 հազար դոլար, չնչին գումար է Ադրբեջանի կամ Թուրքիայի համար, որպեսզի իրենց ծավալապաշտական նկտրումներին և զավթողական կրքերին հագուրտ տալու համար նման քայլի գնան։ Ոչ ոք երաշխիք չունի, որ, օրինակ, մի քանի միլիարդ դոլար ներդնելով` նրանք Հայաստանում ձեն «ձևավորի» կայուն փոքրամասնություն՝ աճման միտումով։ Ընդ որում, այս դեպքում խնդիրը միայն պայմանական լրտեսական ցանցերի հնարավոր ստեղծումը չէ սա լավ հնարավորություն է այդ երկրների համար` իրականացնելու այն, ինչն անվանում են տնտեսական էքսպանսիա։ Հեշտացված ընթացակարգով քաղաքացիություն ստանալու հնարավորությունն օգտագործելով` հաշված տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական կապիտալը կարող է ողողել Հայաստանը, որը, փաստորեն, առաջանցիկ քայլերով նպաստում է դրան։

Մի առանցքային դիտարկումը, որը խոսում է հայաստանյան ողբերգական ու ցավոտ իրականության մասին։ Ընդհանուր այս ասված գերռիսկային և ՀՀ անվտանգությանն ուղղղակի սպառնացող քաղաքականության ամենադաժան հատվածն այն է, որ թուրքական էքսպանսիայի հնարավորությունը կարող է ոչ միայն դժգոհություն չառաջացնել հայ հասարակության առնվազն որոշակի հատվածի շրջանակներում, այլ ընդունվել մեծ խանդավառությամբ։ Եվ այս ամենը ՀՀ իշխանությունների թեռքով իրականցվող քաղաքականության հետևանքով ոչ մի հայ ղեկավար ՀՀ քաղաքացիությունը վաճառքի չի հանել։

Արմեն Հովասափյան