Foto

Հակառուսականության քաղաքական էտապը

Սեպտեմբերին Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիայից հետո, երբ ՀԱՊԿ-ի կողմից ցուցաբերված բացահայտ անտարբերությունից հետո, բոլոր նպաստավոր պայմանները ստեղծվեցին հերթական հակառսուսական ալիքի համար։ Ավելին՝ ակնհայտ դարձավ, որ հայտնի շրջանակները կազմ ու պատրաստ սպասում էին՝ թեմայի մեջ ողջ ծավալով ներգրավվելու համար։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի դեմ ընթացող համաքարոզը Հայաստանում քարոզչատեղեկատվական դաշտից տեղափոխվում է քաղաքական հարթություն:

Ըստ էության՝ ամբողջությամբ ընկալելի է վերջին շրջանում ակտիվացած ՀՀ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության կոնտեքստում այն մոտեցումները, որ ՀՀ իշխանություններին ՀԱՊԿ-ից ու ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակիցներից, Ռուսաստանից ոչ թե դիտորդական առաքելություն, այլ քաղաքական գնահատական է հարկավոր: Բանն այն է, որ ի տարբերություն 44-օրյա պատերազմի, սեպտեմբերյան հարձակման դեպքում, որոշ հասցեական հայտարարություններ ստանալով ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ՀՀ իշխանություններն արդեն ավելի համարձակ ու բացահայտ են գործում Ռուսաստանի դեմ:

Անվիճելի է այն հանգամանքը, որ ՌԴ և ՀԱՊԿ ՀՀ գործընկերներն իսկապես չաջակցեցին Հայաստանի Հանրապետությանը, փորձեցին խուսափել հնարավոր հասցեական հայտարարություններից: Տվյալ իրավիճակը ռուս վերլուծաբանները բացատրում են թե՛ դիվանագիտական անփութությամբ, թե՛ Ռուսաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակով, թե՛ Ռուսաստանի՝ Թուրքիայից կախվածությամբ, որն օրեցօր ավելի ու ավելի մեծ ծավալների է հասնում:

Ստեղծված իրավիճակը շատ հարմար պատրվակ դարձավ է՛լ ավելի մեծ թափով ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի քննադատությանը լծվելու համար՝ դրա փոխարեն չունենալով արդեն իսկ ձևավորած անվտանգային ու այլ բնույթի այլընտրանքներ՝ ՀՀ անվտանգությունը ենթարկելով հերթական ցնցման: Արևմուտքից ֆինանսավորվող և ՀՀ-ում բավական ակտիվ գործունեություն ծավալած ՀԿ-ն ու տարբեր անհատներ միանգամից սկսեցին շրջանառել ՀԱՊԿ-ից անմիջապես դուրս գալու և Արևմուտքում անվտանգության երաշխիքներ փնտրելու կարգախոսներ, թեմաներ, որ ՀԱՊԿ-ի կազմում մնալը թույլ չի տալիս զենքի այլ մատակարարներ ներգրավել և այլն: Դրան զուգահեռ Սուրեն Պապիկյանը վերջին շրջանում երեք օտարերկրյա այց է կատարել, որոնցից մեկը՝ դեպի ԱՄՆ, մյուսը՝ Ֆրանսիա, և երրորդը՝ Հնդկաստան, որի դեպքում զենքի վաճառքի տեղեկատվություն է հայտնվել հնդկական մամուլում:

Ի դեպ՝ հավելենք, որ իրանական մամուլում նույնպես տեղեկատվություն հայտնվեց, թե հայկական կողմը հետաքրքրված է իրանական կամիկաձե դրոններով: Այս ամենը, իհարկե, հաստատման կարիք ունի, ու նման բնույթի գործարքների մասին պաշտոնական տեղեկատվություն տրվում է միայն դրանց իրականացման վերջնական փուլում: Սակայն այս ուղղությամբ աշխատանքը դեպի Արևմուտք ակնհայտ է, որին ՀԱՊԿ անդամակցությունը, թերևս, չի խոչընդոտում: Ավելին, ըստ դիվանագիտական շրջանակների, Հայաստանը կարող է զենքի այլ մատակարարների հետ աշխատել, ինչպես նախկինում, առանց հայ-ռուսական հարաբերություններում և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ցնցումներ ստեղծելու Հայաստանի համար այս աննախադեպ բարդ աշխարհաքաղաքական շրջափուլում:

Եթե անդրադառնք ՀԱՊԿ դիտորդների թեմային նշենք, որ օրերս Արարատ Միրզոյանը նշել էր, որ ՀՀ-ն դիմել էր կազմակերպությանը, և այդ կազմակերպությունում որոշում է կայացվել, այսպես ասած, նախնական դիտորդական կամ փաստահավաք առաքելություն ուղարկել։ Ի դեպ, հոկտեմբերի 12-ին Աստանայում Սերգեյ Լավրովն Միրզոյանի հետ հանդիպմանն ակնարկել էր, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, պետք է անձամբ ժամանակ գտնի ու կազմակերպի նման նիստ, պնդելով, թե իրենք պատրաստ են ցանկացած ժամանակ ցանկացած ձևաչափով նման նիստի ու դիտորդներ ուղարկելու որոշման ֆորմալ հաստատման:

Ամփոփելով արձանագրենք նաև, որ ընդհանուր այս զանզան հանդիպումների ու հայտարարություններից զատ ուշագրավն այն է, որ, թերևս, որևէ վերլուծաբանի համար հասկանալի չէ, թե ԵՄ քաղաքացիական և ԵԱՀԿ առաքելություններն ինչպիսի զսպող դերակատարություն կարող են ունենալ տարածաշրջանում, ընդհանրապես, եթե նոր հարձակում, էսկալացիա կամ կրակահերթեր լինեն: Միանշանակ է միայն այն, որ ըստ էության ՀՀ իշխանությունները ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի վերափոխման ակտիվ փուլում են, որն այլևս տեղափոխվել է քաղաքական տիրույթ։

Արմեն Հովասափյան 

Հեղինակ: Աննա Ավետիսյան