Foto

ՀՀ իշխանությունը, մտահոգված լինելով ադրբեջանական հարձակումներով, փորձում է միջազգային դիտորդներ ներքաշել․ Դանիելյան

Բորելը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության թիմն արդեն Հայաստանում է։ Այն տեղակայվելու է 2 ամսով։ Vesti.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի հետ։

ԵՄ-ն  դիտորդներ կուղարկի հայ-ադրբեջանական սահման։ Սա կարո՞ղ ենք հայկական կողմի համար դիվանագիտական հաջողություն համարել։

Դիվանագիտական հաջողություննների մասին կարելի է խոսել, երբ արդեն առկա են արդյունքները։ Կարելի է ենթադրել, որ ՀՀ իշխանությունը, մտահոգված լինելով ադրբեջանական հարձակումներով, փորձում է միջազգային դիտորդներ ներքաշել՝ միջազգային, հանրային կարծիք ձևավորելու համար։ Հաշվի են առնում նաև այն, որ Ռուսաստանը հիմա զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով՝ թուլացել է և մեկուսացել աշխարհից։ Այդ գործիքը ևս փորձում են օգտագործել՝ թե դա որքանով հաջողություն կբերի և որքանով, իրենց կարծիքով, կմեղմվի սահմանային լարվածությունը: Թե ինչ քաղաքական հետևանքներ կունենա՝ դա արդեն կտեսնենք ժամանակի ընթացքում։

ՌԴ-ն դեմ է, որ հայ-ադրբեջանական սահմանին ՆԱՏՕ-ի դիտորդներ տեղակայվեն, թեկուզ անզեն և կարճաժամկետ։ Սա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Եթե ՆԱՏՕ-ի դիտորդներ լինեն, դա ոչ միայն ռուսական հարաբերությունների վրա կանդրադառնա բացասական առումով, այլ շատ ավելի բացասական կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա։ Որքան հասկանում եմ, տվյալ դեպքում խոսքը ՆԱՏՕ-ի դիտորդների մասին չէ, այլ՝ ԵՄ-ի քաղաքացիական դիտորդների։

Հնարավո՞ր է, որ իշխանությունը փորձում է սրանով ՌԴ-ին ստիպել, որ կատարիի իր պարտականությունները։

Ես չեմ կարծում։ Մենք հիշում ենք, որ Զախորովան հայտարարել է՝ Լավրովի խոսքով, եթե նման միջոցառումները միտված լինեն լարվածության թուլացմանը, ապա իրենք դեմ չեն լինի։ Եթե խոսքը գնում է լարվածության թուլացման մասին և ոչ թե աշխարհաքաղաքական վեկտորների փոփոխության, կարծում եմ, որևէ մեկը դեմ չի լինի։

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն դեմ է, որ ԵՄ առաքելություն տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։

Արտահայտություններն ավելի մեղմ են արվել։ ՌԴ-ն ոչ թե դեմ էր առաքելության տեղակայմանն, այլ՝ մտահոգություններ էր հայտնել և ասել էր՝ քանի որ մոնիթորինգն իրենք են իրականացնում տարածաշրջանում, ուստի իրենք ավելի լավ են պատկերացնում, թե ինչ է կատարվում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան