Նախորդ շաբաթ կառավարության
նիստին քննարկվեց և խորհրդարանի վավերացմանն ուղարկեց զինված ուժերի պահեստազորում
նոր կարգավորումներ իրականցվող նախագիծը, որով նախատեսվում էր եռամսյա զորահավաքները
փոխարինել 25-օրյա հավաքներով, ու այդ կարգավորումը կվերաբերվի ՀՀ բոլոր՝ համապատասխան
տարիքային խմբերի զինապարտ քաղաքացիներին։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է բանակ տանել բոլորին։
Ըստ էության, իշխանության
ներկայացված հերթական իրավիճակային և «ոտքի վրա» ընդունված նախագծի հետ կապված, ավելի
դետալային տեղեկություն փաստացի հայտնի չէ։ Այն դեպքում, երբ այս նորամուծությունը
խիստ համակարգային քայլ է, որը կարող է արդյունավետ լինել միայն բոլոր քայլերի համակարգման
ու համալիր մոտեցման դեպքում։ Սակայն, դատելով այն մակերեսայնությունից, որով հանրությանը
ներկայացվեց այդ որոշումը, իրականում որևէ խորքային վերլուծություն, քննարկում, հաշվարկ
չի կատարվել։ Փաստն այն է, որ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիներին տարվա մեջ 25 օրով հավաքների
ներգրավելու գործընթացը ենթադրում է միանգամայն այլ ենթակառուցվածքային, տեխնիկատնտեսական,
լոգիստիկ և այլ բնույթի կարողություններ, քան այսօր ունեն հայկական բանակն ու նրան
սպասարկող ծառայությունները։
Եթե ավելի կոնկրետ, ապա,
ըստ էության, այստեղ խոսքը գնում է ամեն ամիս
մի քանի տասնյակ հազար տղամարդկանց զորահավաքային գործընթացում ներգրավելու մասին,
ինչը ենթադրում է հսկայական նոր կարողությունների գործադրում՝ սկսած տրանսպորտային
միջոցներից, մինչև զորամասային շենքեր, զինպատրաստության համակարգեր, ի վերջո՝ զինամթերք։
Դրանք, և բազմաթիվ այլ անհրաժեշտ բաղադրիչներ, իրենցից ենթադրում են հսկայական նյութական
միջոցների ծախս, որը հանրությանը չի ներկայացվել «ժողովրդավարության բաստիոնի»
իշխանությունների կողմից։ Ասել է թե՝ հերթական անգամ գործ ունենք անհասկանալի և դրա
արդյունավետությունը հստակ չվերլուծված ու դետալային չհամակարգված գործընթացի հետ, քանի
որ վստահ եմ՝ չկան այն հստակ հաշվարկները, թե ի՞նչ ծանրաբեռնվածություն է այն ունենալու
բյուջեի վրա։
Եթե սա մեկնաբանենք այլ
տեսանկյունից, ապա հերթական անգամ հասարակությունը չի տեղեկացվել, թե որքան է վճարելու
այս կասկածելի արդյունավետությամբ որոշման համար։ Իսկ արդյունավետությունն այս դեպքում
գլխավոր հանգամանքն է, որովհետև չափելի ցուցանիշներ ունենալու պարագայում կարող էր
պարզվել, որ ավելի արդարացված է եռամսյա հավաքների ինստիտուտի կատարելագործումը, քան
«բոլորին բանակ տանելը»։ Այս որոշման կայացման հապճեպությունն ու մակերեսայնությունը
հիմք է տալիս մտածելու, որ այն իրականում ունի ոչ միայն, իսկ որ ավելի հավանական է՝
ոչ այնքան պետության մարտունակության բարձրացման, որքան այլ, այդ թվում՝ բացահայտ քաղաքական
նպատակներ։
Հավանաբար ոչ ոքի համար
գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե նշեմ, որ ամեն ամիս մի քանի տասնյակ հազար
աշխատունակ տղամարդկանց կյանքի նորմալ ռիթմը խաթարելն ունենալու է բազմաթիվ հարակից
հետևանքներ՝ սկսած սոցիալ-հոգեբանական ազդեցություններից (ընտանեկան բնականոն կյանքի
խաթարում, միջավայրային կապերի խզում և այլն) մինչ տնտեսական ցիկլի խաթարումներ (մեծ
թվով աշխատակիցների թեկուզ մեկ ամսվա բացակայությունը, հատկապես մասնավոր բիզնեսում, առաջացնելու է աշխատանքային, տեխոնոլոգիական, բազմաթիվ այլ բնույթի անհամամասնություններ
և դառնալու է հավելյալ ծախս բիզնեսի համար)։ Եթե ամբողջը հանրագումարի բերենք,
ապա այս գործոնների համալիր ազդեցությունը հանգեցնելու է քաղաքացիական, նաև քաղաքական
կյանքի հարաբերականորեն բնականոն ռիթմի խաթարմանը՝ այդպիսով բացառելով ակտիվ քաղաքացիների
հնարավար ներգրավվածությունը որևէ քաղաքական գործընթացի, այդ թվում՝ հակաիշխանական
ձևաչափերի։
«Ժողովրդավարության գուրուները»,
որոնք ամեն մի հարմար ամբիոնից փորձում են իրենց գործողություններով ու քայլերով գլուխ
գովալ, հերթական անգամ ապացուցում են, որ իրենք դասական խառնակիչներ են՝ ուրիշ
ոչինչ։ Հասկանալի է, որ այս որոշման իրագործումը մեծ խթան կհանդիսանա նաև կոռուպցիայի
համար՝ էականորեն բարձրացնելով պարտադիր հավաքներից ազատվելու ստվերային ծառայությունների
գները։ Հաշվի առնելով ինստիտուցիոնալ կոռուպցիայի նկատմամբ գործող իշխանության անհագուրդ
սերը՝ պետք չէ բացառել, որ այդ հեռանկարը ևս որոշիչ ազդեցություն է ունեցել այս անհեթեթ ու վտանգավոր թվացող որոշման կայացման
հարցում։
Արմեն Հովասափյան









