Ինչպես հայտնի է՝ օրերս
Երևան է ժամանել ԵՄ դիտորդական առաքելության առաջին խումբը, որի նպատակը հայ-ադրբեջանական
սահմանին ծառայություն իրականցնելն է․ նշենք, որ հայկական հատվածում ԵՄ-ն դիտորդական առաքելությունը
կիրականացնի երկու ամիս ժամկետով։ Այս առիթով Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի
հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է․ «ԵՄ անդամ 27 երկրներն
արագ են գործել՝ արձագանքելու ՀՀ խնդրանքին։ ԵՄ առաքելության տեղակայման նպատակն է
դիտարկել իրավիճակը և աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացմանը»:
Արձանագերենք, որ ԵՄ առաքելության
ժամանմանը զուգահեռ, ըստ էության, տապալվեց ռուսական առաջարկը՝ ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել
սահմանին։ Ինչպես հայտնի է՝ օրերս Աստանայում Միրզոյան-Լավրով հանդիպմանը պարզ դարձավ,
որ այս հարցի շուրջ Երևան-Մոսկվա-ՀԱՊԿ տարաձայնություններ կան, քանի որ Լավրովը, ըստ
էության, հայկական կողմին մեղադրեց այդ որոշման ձգձգման մեջ, քանի որ դրա ֆորմալ հաստատման
համար հարկավոր էր ՀԱՊԿ նախագահող երկրի կողմից խորհրդի հրավիրում և հարցի քննարկում։
ԵՄ դիտորդների տեղակայումը, պրահյան քառակողմ բանակցությունների արդյունքների համաձայն,
հայ-ադրբեջանական սահմանի հայկական հատվածում ուշագրավ ու, ըստ էության, աննախադեպ զարգացում
է ՀՀ-Արևմուտք կապերի ու Հարավային Կովկասում ԵՄ քաղաքականության հարցում։ Հարկ է նաև նշել, որ Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի»
բրյուսելյան բանակցությունների գործընթացում կարող են նաև անակնկալներ ի հայտ գալ,
քանի որ էմանուել Մակրոնի՝ Ռուսաստանին ու Ադրբեջանին ուղղված բացահայտ ու ուղիղ քննադատությունն
արժանացավ երկու երկրների նախագահների քննադատությանն ու զարմանքին։ Ասվածին հավելենք,
որ Ալիևը և ադրբեջանական դիվանագիտությունը սկսում են կասկածի տակ դնել Մակրոնի միջնորդական
դերակատարությունը՝ զուգահեռաբար սեպտեմբերյան հարձակման դադարեցման միջնորդական «դափնիները»
վերագրելով Ռուսաստանին այն դեպքում, երբ Երևանը նշել էր, թե սեպտեմբերյան մարտերը
դադարել են ԱՄՆ միջնորդությամբ։ Եթե ամփոփենք ասվածը, ապա հայ-ադրբեջանական գործընթացում
գլխավոր միջնորդի համար մրցավազքը շարունակվում է, և չի բացառվում, որ այս թեման, ըստ
իրավիճակի, կարող է խաղարկվել նաև Ադրբեջանի կողմից։
Այսօր արդեն կայացած փաստ
է այն իրողությւոնը, որ ԵՄ-ն աննախադեպ փութկոտություն ցուցաբերեց որոշումների կայացման
հարցում՝ արագորեն դիտորդներ տեղակայելով՝ այն դեպքում, երբ պարզ որոշումների կայացման
համար տարիներ են պահանջվում։ Ըստ էության՝ այս ամենը հերթական անգամ ցույց տվեց, որ
խնդիրը ոչ թե եվրոպական բյուրոկրատիան է, այլ քաղաքական կամքի բացակայությունը։
Ի սկզբանե, դեռևս գործընթացի սկզբնական փուլում, նկատվելի էր, որ ակնհայտորեն գոյություն ունի լուրջ մտադրություն, այդ պատճառով ԵՄ-ն ավելի արագ է իր քայլերում։ Միանշանակ է, որ ԵՄ գլխավոր նպատակն է՝ ամեն գնով Ռուսաստանի փոխարեն իր ներկայությունն ապահովել Հարավային Կովկասում։ Ինչու երկու ամսով, ևս հասկանալի է, քանի որ հաշվարկն այն է, որ այդ ընթացքում կստորագրվի համաձայնագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Միգուցե, եթե խոսքը լիներ երկարաժամկետ առաքելության մասին, որոշումը բարդ լիներ կայացնել: Ըստ էության սա կարճաժամկետ, փոքր առաքելություն է, որի խնդիրն է՝ ստեղծել պայմաններ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, իսկ ամենահետաքրքիրն ու ինտրիգայինը, դեռևս առջևում է։
Կարևոր է փաստել
նաև այն, որ հայ-ադրբեջանական սահմանային կայունությունը
դիտորդների ներկայության պայմաններում կախված է այն հանգամանքից, թե սահմանի որքա՞ն
հատվածում են նրանք տեղակայվել և կոնկրետ որտե՞ղ են ծավալում իրենց առաքելությունը։
Մյուս կարևոր դրվագն այն է, որ եթե լինեն խախտումներ, ո՞րն է լինելու դիտորդների դերը
ու ԵՄ արձագանքը դրան։ Բոլորս ենք հիշում, որ ԵԱՀԿ ՄԽ ակտիվ գործունեության շրջանում
կային դիտորդներ, որոնք գործունեություն էին ծավալում, ժամանակ առ ժամանակ արձանագրում
հրադադար։
Ներկայումս՝ ԵՄ առաքելության
պարագայում, խոսքը, կարծես, մշտական առաքելության մասին է, որը նշանակում է, որ երևի թե
մեծ ու տևական բախումներ չեն լինի, սակայն ամեն դեպքում դա երաշխիքներ չի ստեղծում
թե՛ լիարժեք կայունության, թե՛ համաձայնագրի վերջնական ստորագրման համար։ Այսօր փաստ
է, որ, ինչքան էլ կողմերը մոտեցել են այդ համաձայնագրին, վերջնական ժամկետներ են
նշվում, սակայն նրանց միջև կան լուրջ տարաձայնություններ, մեղադրանքներ, համաձայնագրի
մաս կազմող կարևոր կետերի շուրջ անհամաձայնություններ։ Ըստ այդմ՝ այս պահին վաղաժամ
է խոսել որևէ վերջնական հանգրվանի մասին, քանի դեռ ինչ-որ բաներ կարող են փոխվել։
Ամփոփելով արձանագրենք,
որ ըստ էության՝ սա սահմանափակ ժամկետով առաքելություն է, քանի որ ԵՄ-ում լավ տեղյակ
չեն այս հակամարտության ակունքներին ու գուցե չեն պատկերացնում, որ այս հակամարտությունը
գուցեև չլուծվի երկու ամիս անց, ուստի չկա հստակ պատկերացում, թե ինչ կլինի այդ ժամանակ։ Տևական լուծումը լուրջ տարաձայնությունները
հստակ բալանսավորված քայլերով վերացնելն է, իսկ երբ դրանք չկան, տևական խաղաղության
մասին խոսելը ևս բարդ է։
Արմեն Հովասափյան









